Որո՞նք են սրտի նոպայի ախտանշաններն ու ինչ է հարկավոր անել նման խանգարման հավանականությունը նվազեցնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։
Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը յուրաքանչյուր տարի հազարավոր մարդկանց մահվան ու հաշմանդամության պատճառ է դառնում։ Այս խնդրի հետևանքները կարող են խիստ տարբեր լինել՝ սկսած դրանց բացակայությունից, մինչև կարդիոգեն շոկ, սրտային անբավարարություն ու անգամ մահ։ Նման հետևանքներից խուսափելու համար հարկավոր է սովորել տարբերել այն ախտանշանները, որոնք կարող են նախազգուշացնել սրտամկանի ինֆարկտի բարձր հավանականության մասին՝ թույլ տալով կանխել հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոչ պակաս կարևոր է նաև խնդրի կանխարգելմանն ուղղված միջոցների ձեռնարկումը, իսկ այս հարցում կարևորագույն գործոններից մեկը խոլեստերինի մակարդակը վերահսկողության տակ պահելն է։
Սրտի հիվանդությունների բրիտանական հիմնադրամի տվյալներով՝ կենսական նշանակություն ունեցող այս օրգանի հիվանդությունների, այդ թվում նաև սրտամկանի ինֆարկտի զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկն արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակն է, քանի որ խոլեստերինը կարող է կպչել կորոնար զարկերակների պատերին ու բացասաբար անդրադառնալ սրտամկանին մատակարարվող արյան հոսքի վրա։ Սրտամկանին, ինչպես և ցանկացած այլ օրգանին, բնականոն աշխատանքի համար հարկավոր է արյան մշտական ներհոսք, ինչն էլ թթվածին ու սննդարար նյութեր կմատակարարի, մինչդեռ խոլեստերինի կուտակման դեպքում այդ գործընթացը կարող է խանգարվել։
Երբ թթվածնով հագեցած արյան հոսքը խանգարվում է, ի հայտ են գալիս սրտի նոպայի ախտանշաններ, որոնք նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) հաղորդմամբ՝ սրտի նոպայի մասին հուշող ախտանշանների շարքին կարող են դասվել կրծքավանդակի ցավը, մտքերի ցրվածությունը, անկանոն շնչառությունը, սրտխառնոցը, հազն ու սուլոցով ուղեկցվող շնչառությունը, ուստի այս ախտանշանները նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին։
Այս վտանգավոր խանգարման զարգացումը նվազագույնի հասցնելու համար հարկավոր է մշտական վերահսկողության տակ պահել օրգանիզմում խոլեստերինի մակարդակն ու կանոնավոր բուժզննում անցնել։ Եթե այս մակարդակը նորմայից անգամ մի փոքր բարձր է ապա հարկավոր է առաջին հերթին վերանայել սննդակարգն ու սահմանափակել որոշակի մթերքի գործածությունը։ Սննդամթերքի նման տեսակների շարքին են դասվում կարագը, պանիրը, յուղոտ կաթն ու միսը, որոնք հարուստ են հագեցած ճարպերով ու նպաստում են «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացմանը։
Սննդակարգում վերոնշյալ փոփոխություններն անելու հետ մեկտեղ մասնագետները հորդորում են նաև լինել ֆիզիկապես ակտիվ, հրաժարվել ծխախոտից ու նվազեցնել ալկոհոլի գործածությունը, քանի որ այս փոփոխությունները ևս կօգնեն կարգավորել օրգանիզմում խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, ոմանց մասնագետները կարող են ստատիններ նշանակել այս տարրի մակարդակն օրգանիզմում նվազեցնելու համար։ Դրանք կարող են շատ արդյունավետ լինել, սակայն վերոնշյալ խորհուրդներին չհետևելու դեպքում բավական լավ արդյունք չեն ապահովի։
Խոլեստերինի բարձր մակարդակից բացի սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը կարող են բարձրացնել նաև ավելորդ քաշը, շաքարային դիաբետը և զարկերակային բարձր ճնշումը, ուստի այս ցուցանիշները ևս հարկավոր է պահել մշտական վերահսկողության տակ։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru