ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկա-ռուսական լարվածության թուլացման ցանկացած միտում նպաստավոր է Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժնևում կայացավ Պուտին-Բայդեն երկար սպասված հանդիպումը: Այն տևեց բավական երկար` մոտ չորսուկես ժամ։ Ընդլայված կազմով հանդիպմանը մասնակցում էին նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Հանդիպման մասին զրուցել ենք վերլուծաբան  Հակոբ Բադալյանի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպես է գնահատում հանդիպումը` Հակոբ Բադալյանը պատասխանել է․ « Նախագահները հանդիպումից հետո դրական տրամադրվածությամբ արտահայտվեցին հանդիպման մասին, բայց գնահատել այն ու դրա բովանդակությունը հետո արված հայտարարություններով, թերևս այդքան էլ ճիշտ չէ, և դրանք այնքան էլ ամբողջական չեն արտահայտելու զրույցի բովանդակությունը: Այն, որ կողմերը որոշել են դեսպաններին վերադարձնել մայրաքաղաքներ, վկայում է, որ, այնուամենայնիվ, որոշակի գործնական ընթացք հանդիպումը կարող էր ստանալ, որը միտված կլինի լարվածությունը թուլացնելուն կամ որոշակի ժամանակային միջավայրում խաղի և վարքագծի կանոնների շուրջ ընդհանուր ինչ-որ հայտարարի գալուն: Այս տեսանկյունից սա կարող է որոշակիորեն նպաստավոր լինել նաև Հայաստանի համար, քանի որ այդ երկրների լարվածության և Ռուսաստանի շուրջ օղակի սեղմման գործընթացը բավական սուր է անդրադառնում թե՛ Կովկասի, թե՛, մասնավորապես, Հայաստանի վրա:

Ամերիկա-ռուսական լարվածության թուլացման ցանկացած միտում մեզ համար հավելյալ քաղաքական, դիվանագիտական աշխատանքի դաշտ ընդլայնող գործոն է, որից կարող ենք օգտվել նաև մենք՝ համապատասխան աշխատանք իրականացնելու կարողության դեպքում»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս հանդիպումից հետո կարող ենք ակնկալել դրական հարաբերություններ երկու գերտերությունների միջև` քաղաքագետը պատասխանել է․ «Սպասել, որ լարվածությունն իսպառ թոթափվելու է և ռուս-ամերիկյան հարաբերություններն անցնելու են կառուցողական փուլ, այդքան էլ իրատեսական չէ: Բայդենը, մեծ հաշվով, իր առջև դրել է ոչ թե այդպիսի խնդիր, այլ Ռուսաստանը կառավարելիության դաշտում պահելու խնդիր, որի դիմաց գուցե նաև Պուտինին ուղղված որոշակի ռևերանսներ թույլ տա: Այդպիսի ռևերանս էր նաև այս հանդիպման համաձայնությունը, որովհետև Պուտինի համար չափազանց կարևոր է Ռուսաստանի ներսում ներկայացնել, որ իրեն հաշվի են առնում, որ ինքը աշխարհի ճակատագրեր որոշողների շարքում է, մեկուսացված ու անտեսված չէ: Այդ հնարավորությունը տալով Պուտինին՝ միգուցե Բայդենն ակնկալում էր նրանից ստանալ որոշակի հավաստիացումներ կառավարելի վարքագծի և ապակայունացման նոր օջախներ թույլ չտալու իմաստով: Հայաստանի համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի շեշտադրումներով է այս հանգամանքը վերաբերել Կովկասին: Արդյո՞ք Կովկասի հանդեպ ևս կա ստատուս քվոն ճանաչելու տրամադրվածություն ԱՄՆ-ի մոտ, թե, այդուհանդերձ, ԱՄՆ-ն պատրաստ է վիճարկել Կովկասում Արցախի դեմ պատերազմով ձևավորված ստատուս քվոն: Պաշտոնական Երևանի համար շատ կարևոր է առաջիկայում առավելագույնս իրազեկվել, թե ինչ շեշտադրումներով են քննարկումներ եղել այդ թեմաներով Պուտին-Բայդեն հանդիպմանը»։

Սոնա Գիշյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular