Ավստրիայի կանցլերը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca-ի դեղամիջոցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ավստրիական հեռագրական գործակալությունը:
Կուրցը, որը պատվաստվել է հունիսի 4-ին, կոչ է արել ամբողջ երկրի բնակչությանը մասնակցել կամավոր պատվաստմանը՝ հանուն բնականոն կյանքին վերադարձի:
Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսել են 2020 թվականի դեկտեմբերից, երկրում օգտագործում են Pfizer և BioNTech, Moderna, AstraZeneca պատվաստանյութերը:
Հատկանշական է, որ օրերս Կուրցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն էր հայտնել «Սպուտնիկ V»-ի և կորոնավիրուսի դեմ պայքարում նախաձեռնությունների համար. Ավստրիայի ղեկավարի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում պատվաստանյութի աշխարհագրական ծագումը կարևոր չէ:
«Դե, իհարկե, մենք պետք է հաղթահարենք համավարակը…Հնարավոր չէր լինի այդ նպատակին հասնել, եթե մենք համատեղ չաշխատեինք գիտության և քաղաքականության բնագավառում: Ուստի ոչ մի դեր չի խաղում, թե որտեղից է այդ պատվաստանյութը՝ Ամերիկայից, ԵՄ-ից, Ռուսաստանից կամ Չինաստանից: Կորոնավիրուսի դեմ յուրաքանչյուր պայքար ամբողջ աշխարհի հաջողությունն է: Աշխարհաքաղաքական տարբերությունները դեր չեն խաղում»,-հայտարարել էր Կուրցը՝ հանդես գալով ՊՄՏՀ-2021-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով) լիագումար նստաշրջանում:
«Ես շատ ուրախ եմ, որ «Սպուտնիկ V»-ն ներկայացված է արդեն ավելի քան 60 երկրներում: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն նախագահ Պուտին, այդ ոլորտում ցուցաբերած նախաձեռնության համար»,-նշել էր Կուրցը:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: