Թշնամին ինժեներական աշխատանքներ է անում, սրա դեմը պետք է շուտ առնել. Գեղամասարի ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուքը հաճախակի բնույթ է կրում։ Միջադեպեր գրանցվում են գրեթե ամեն օր։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Սահմանին զինվորների հետ ընդհարումները միշտ են լինում։ Մեկ-երկու օր առաջ էլ նորից ձեռնամարտի են բռնվել, մեծ ծեծկռտուք է եղել, կան տուժածներ»,- ասաց նա։
Ավետյանը տուժողների թվի և վնասվածքների մասին մանրամասների չի տիրապետում, բայց գիտի` միջադեպերն ադրբեջանցիներն են հրահրում, քոչվորի իրենց դեմքը չեն փոխել. առիթը բաց չեն թողնում իրենց նենգությամբ աչքի ընկնելու։
«Շատ ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերում։ Մենք այդ ազգից խամ չենք, գիտենք, որ հենց հնարավորություն ունեցան` հաջորդ քայլն են անելու։ Այնպես չէ, որ մի միջադեպով ամեն բան ավարտվում է։ Ո՛չ։ Դրանք միշտ էլ շարունակելու են նույն ոճով շարժվել»,- ասաց համայնքապետը։
Նրա խոսքով`մինչ այս պահն ադրբեջանցիները բնակավայրերի տարածք մուտք չեն գործել, գյուղացիների հետ միջադեպեր չեն եղել, բայց արդեն խոտհնձի սեզոն է, իսկ գյուղացիները չեն կարողանում սար բարձրանալ, խոտ հնձել, որ կարողանան ձմռանը անասունները պահել. ադրբեջանցիներն այնպիսի վստահությամբ են մարզի կարևորագույն բարձունքներին տիրացել ու չեն էլ պատրաստվում դրանք լքել, ասես դրանք հենց իրենցն են եղել։
«Պետք է իրավիճակը շատ արագ փոխել։ Իրենք այնպիսի դիրքերում են հայտնվել, որ մենք ինչ ունենք-չունենք` ոչ մի բանն էլ չենք կարողանում օգտագործենք։ Ինժեներական աշխատանքներ են անում։ Սրա դեմը պետք է շուտ առնել, եթե չկարողանանք` ծանր հետևանքներ կարող է ունենալ»,- նշեց Ավետյանը։
Հունիսի 2-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից, մինչ այս եղած բանակցություններից Ավետյանի սպասելիքները մեծ չեն. ասում է` արդեն 3-րդ շաբաթն է` ադրբեջանցիները մեր տարածքում են, նշանակում է`բոլոր բանակցություններն էլ անարդյունք են։
«Չեմ ուզում ասել, որ բանակցեցին` դրանից հետո ամեն ինչ փոխվելու է։ Դեռ սպասում ենք, տեսնենք` ինչ կփոխվի։ Կարծում եմ`այս վիճակը խաղաղ ճանապարհով դժվար է լուծել, որովհետև եթե իրենք դիմադրություն չստանան, վախ չզգան`իրենք այդտեղից հետ չեն գնա, իսկ իրենց մնալը միշտ էլ մեծ վտանգ է մեր տարածաշրջանի համար»,- հավելեց Ավետյանը։