ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանի հայտարարությունը նախազգուշացում էր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը այսօր հրաժեշտի հանդիպում էր ունեցել ԱԳՆ աշխատակազմի հետ և ասել է, որ ԱԳՆ-ն պետք է անշեղորեն պաշտպանի երկրի ինքնիշխանությունը, անկախությունը, պետական, ազգային շահերը: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։
Հարցին, թե արդյոք նախկին նախարարի հայտարարության մեջ նախազգուշական տարրեր կան, Արմեն Բաղդասարյանը պատասխանել է․ «Այո, հավանաբար դա ավելի շատ նախազգուշացում էր և կարծում եմ, որ այս իշխանությունները կրկին նախապատրաստվել են ստորագրել մի ինչ-որ փաստաթուղթ, որը մեր պետական շահերից չի բխում, և նա բաց տեքստով հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել դրան»։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինի, որ արդեն նախկին նախարարը բաց տեքստով ավելի հստակ ու կոնկրետ ասեր, թե ինչի մասին է խոսքը՝ քաղաքագետը պատասխանեց․ «Արտաքին քաղաքականությունը փակ ոլորտ է և այդ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները՝ հաշվի առնելով պետական շահերը և այլ հանգամանքներ, որ անձամբ ոչինչ չեն ասում և կարծում եմ՝ Արա Այվազյանը ճիշտ վարվեց: Եթե նա բաց տեքստով քաղաքական հայտարարություն աներ, կարող էր ավելի շատ վնաս տալ պետական շահերին, քան օգուտ: Ինչքան ինքը բացեց փակագծերը, կարծում եմ, այդքանն էլ բավարար է, որովհետև բազմաթիվ այլ ձևեր կան ճշմարտությունը բացահայտելու և պարտադիր չէ, որ դա արվի նախարարի շուրթերով»։
Սոնա Գիշյան