Գիտնականները նկարագրել են գեների տարօրինակ համադրությամբ կորոնավիրուսի «եռակի մուտացիա»-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ Յորքշիրի բրիտանացի վիրուսաբանները պատմել են գեների անսովոր համադրությամբ կորոնավիրուսի նոր «եռակի մուտացիա» տարբերակի մասին, որը կոչվում է VUI-21MAY-01 կամ AV.1: Մինչ օրս նման նոր տեսակի վիրուսով վարակվելու 49 դեպք է գրանցվել, որոնք հիմնականում եղել են Յորքշիրի և Համբերի բնակիչների մոտ:
Մասնագետների հետաքրքրությունը, ի թիվս այլ բաների, առաջացնում է այն տագնապալի հանգամանքը, որ Բրիտանիայում COVID-19 (R)-ի տարածվածության ինդեքսը, հնդկական շտամի հայտնաբերման ավելի հաճախակի դեպքերի ֆոնին, բարձրացել է և հասել 0,9-ի: Ըստ առաջատար գիտնականների` ցուցանիշն այժմ 0,9-1,1 միջակայքում է, մինչդեռ նախկինում ցուցանիշը կանգ էր առել 0,8-ի սահմաններում: Հունվարին երկրորդ ալիքի գագաթնակետից սկսած գործակիցը ամենամոտն է եղել 1-ին: Մինչդեռ բրիտանացիներին վստահեցնում են, որ մինչ այժմ անհանգստանալու առիթ չկա:
Շեֆիլդի հանրային առողջության տնօրեն Գրեգ Ֆելը նշել է, որ գործընկերների հետ վերահսկում է AV.1-ը: Նրա խոսքով` դեռ չկա որևէ ապացույց, որ այն կայուն է պատվաստանյութերի նկատմամբ կամ ավելի վարակիչ է: Միևնույն ժամանակ, բրիտանացի նախարարները հայտարարել են, որ պատրաստ են միջոցներ ձեռնարկել` կանխելու ցանկացած նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը