Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը մայիսի 31-ին Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի անձնակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի հետ: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, կողմերը պայմանավորվել են բարձրացնել երկրների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում:
Իրանցի պաշտոնյան ընդգծել է երկու երկրների նախագահների միջև նախկինում կնքված համաձայնագրերի իրականացման կարևորությունը:
«Այսօր պատշաճ պայմաններ են ստեղծվել համատեղ նախագծերի իրագործման համար, որոնք կասեցվել էին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով»,- ասել է Վաեզին:
Մուստաֆաևը, իր հերթին, ընդգծել է, որ Իրանի հետ առավել ամուր հարաբերություններ զարգացնելու ծրագրերն առաջնահերթ են Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում:
Վերջինս ընդգծել է նաև Իրանի հետ արդյունաբերական, էներգետիկ, տրանսպորտի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության մեծ հնարավորությունները: