Փաշինյանի ողորմելի քարոզարշավը․ սուտը բացահայտվում է հաշված վայրկյաններում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸնդամենը երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ֆեյսբուքյան մի գրառումով տասնյակ հազարավոր մարդկանց էին կարողանում դուրս բերել փողոց, իսկ այսօր խղճուկ վիճակում են հայտնվել։ Համաժողովրդական սեր վայելող և ահռելի վարկանիշ ունեցող Փաշինյանն ու իր թիմը ապաշնորհ ղեկավարման, հնարավոր բոլոր ոլորտները ձախողելու, պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այսօր չեն կարողանում մեկ տասնյակ մարդ հավաքել սեփական գրասենյակներում։ Դավթաշեն վարչական շրջանում երեկ տեղի ունեցած հանդիպումը դրա վառ ապացույցն է։
«Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում հանդիպելով մի փոքր խմբի հետ՝ Փաշինյանը վերջում փորձում էր տեսախցիկի առջև համոզել, թե հանդիպումը չնախատեսված և պատահական է եղել, բայց վայրկյան անց նրա սուտը բացահայտվում է։
«Ի պատիվ մեր թաղապետի, ինքն է ինձ զանգել և ասել՝ ձյաձ Ատոմ, արի, Փաշինյանը գալու է, արի հանդիպես, երկու բառ էլ ասես»,- ասել է հանդիպման մասնակից մի տարեց մարդ։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին ընդամենը երեք տարի պահանջվեց՝ խղճուկ այս վիճակին հասնելու համար։ Երկրում անվրդով շրջող, հարյուրավոր մարդկանց հետ սելֆի անող Փաշինյանն այսօր փողոց է դուրս գալիս հարյուրավոր ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ, արժանանում սյունեցիների «ողջույն»-ին, սեփական երկրի քաղաքացիների արհամարհանքին և հայհոյանքներին, նախընտրական հանդիպումներն անցկացնում գրասենյակներում, որտեղ էլ չնչին թվով կողմնակիցների են բերում՝ «մասովկա» ապահովելու համար։ Ահա սա է պոպուլիզմի գերդոզավորմամբ սեփական երկիրը վնասած ղեկավարի ճակատագիրը։ Պաշտոնական քարոզարշավը դեռ չսկսած՝ Փաշինյանն արդեն ինքն էլ զգում է, թե ինչ են կարծում իր մասին նույն այն հազարավոր քաղաքացիները, որոնք 2018-ին գնում էին իր ետևից։ Իսկ ողորմելի այս քարոզարշավով նա պարզապես դատապարտված է ձախողման առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Կարեն Վարոսյան