«Պատժամիջոցների կիրառման գործընթացը սկսված է». ԵԽ ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը սկսել է նոր պատժամիջոցներ նախապատրաստել Բելառուսի դեմ՝ RyanAir ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի ֆոնին:
Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ դեռևս հայտնի չէ, թե պատժամիջոցները կոնկրետ որ ոլորտների վրա անդրադարձ կունենան:
«Պատժամիջոցների կիրառման գործընթացը սկսված է: Ոլորտային պատժամիջոցների հարցը կվերլուծեն համապատասխան կառույցները, այժմ դեռ վաղ է խոսել կոնկրետ ոլորտի մասին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք սահմանափակումները կանդրադառնան պոտաշի արդյունաբերությանը:
Նշենք՝ ավելի վաղ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ անդամ 27 երկրների արտգործնախարարները հինգշաբթի Պորտուգալիայում կայանալիք ԵՄ խորհրդի ոչ ֆորմալ ձևաչափով հանդիպման ժամանակ կքննարկեն, թե ինչպես իրագործել Բելառուսի դեմ տնտեսական և ոլորտային պատժամիջոցները:
Հիշեցնենք, որ օրերս Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: