ՀԱՊԿ-ը մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանային վիճակով, ԼՂ-ում տեսնում է խաղաղության հեռանկար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴուշանբեում մայիսի 19-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև ԼՂ-ում իրավիճակին ու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահ առաքելության հաստատումը, նաև բանակցային գործընթացի շարունակությունը նկատելիորեն բարելավել են իրավիճակը: Մենք տեսնում ենք այնտեղ երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարը: Արդեն չեն կրակում, սակայն իրավիճակը դեռ լարված է»,- նշել է Զասը:
Նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
«ՀԱՊԿ-ում մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությամբ, մենք հետևում ենք ՀՀ Սյունիքի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում այս հարցը նույնպես դարձել է քննարկման առարկա: Ողջունում ենք ՌԴ միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցող բանակցությունները և նրանց մտադրությունը` խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Ընդգծում ենք՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն այլընտրանք չկա»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: