ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյա՞նն է խեղաթյուրում, թե՞ Կարեն Կարապետյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական բաժնի հեղինակներն ըստ ամենայնի բավական չար կատակ են խաղացել Սերժ Սարգսյանի հետ՝ նրան մատուցելով հայտարարություն, ըստ որի՝ վերջին տարիներին Հայաստանի բնակչության բարեկեցությունն աճել է: Կամ էլ նրանք չար կատակ են խաղացել վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ, որը իր վարչապետության առաջին հրապարակային հայտարարություններից մեկով ասաց, թե անկեղծ ու առանց ձևականության խոստովանում է, որ Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է` «չափազանց ծանր»: Այդպիսով, Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, իսկ Սերժ Սարգսյանը երկու ամիս անց հայտարարում է, որ Հայաստանում մարդկանց բարեկեցությունն աճել է:

Տարրական տրամաբանությունը հուշում է, որ չի կարող մարդկանց վիճակը, բարեկեցությունը բարձրանալ, իսկ Հայաստանի տնտեսական վիճակը լինել չափազանց ծանր: Արտագաղթի, աղքատության, գործազրկության վիճակագրությանը հղում անելու կարիք ընդհանրապես չկա՝ այնքան այդ ամենը տեսանելի է նույնիսկ առանց հավելյալ թվաբանության և վիճակագրության:

Ստացվում է, որ «տրամաբանությունը» առնվազն իշխանության մակարդակում վերականգնելու համար կա՛մ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի իր ելույթում հնչած արտահայտություններից և հայտարարի, որ իր հետ չար կատակ են խաղացել՝ օգտվելով միգուցե այն բանից, որ տնտեսությունից ոչինչ չի հասկանում, կա՛մ էլ Կարեն Կարապետյանը պետք է հայտարարի, որ ինքը տնտեսությունից ոչինչ չի հասկանում, և երկու ամիս առաջ հայտարարելով, թե վիճակը չափազանց ծանր է՝ ինքն արել է չմտածված և իրականությունից կտրված արտահայտություն:

Եթե իր խոսքերից չի հրաժարվում և իրականությունից կտրված լինելու կամ իրականությունը խեղաթյուրելու խոստովանություն չի անում երկուսից մեկն ու մեկը, շարունակվում է իշխանության մոտ առկա տրամաբանության ճգնաժամը: Կամ ճգնաժամը բարոյական է, երբ աղքատության չափազանց մեծ ցուցանիշներ ունեցող երկրում, որտեղ ամեն երրորդ քաղաքացին պաշտոնապես աղքատ է, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններ են անում ըստ իրավիճակի, ըստ կոնյունկտուրայի. երբ պետք է՝ տնտեսության վիճակը շատ վատ է, իսկ երբ պետք չէ՝ մարդկանց բարեկեցությունն աճում է:

Դա բարոյականության ճգնաժամ է, որովհետև իրականում պետք է մի բան՝ որպեսզի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հանրությունից ներողություն խնդրեն այն սոցիալ-տնտեսական վիճակի համար, որ ստեղծել են իրենց կառավարման հետևանքով: Թեև, եթե իրավիճակին նայենք հակառակ կողմից, ապա տրամաբանության հետ ամեն ինչ նորմալ է, և խնդիրն իսկապես բարոյականության հետ է:

Բանն այն է, որ Հայաստանի տնտեսության վիճակը իսկապես չափազանց ծանր է, պարզապես բարեկեցության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, այլ ՀՀԿ-ականներին, այսինքն՝ նրանց այն մասին, որոնք ոչ թե վարչական ճնշման, այլ պարզապես տնտեսական շահերից ելնելով են անդամակցել իշխող կուսակցությանը: Այդ մարդկանց բարեկեցությունն իսկապես աճել է, և այստեղ, իհարկե, տնտեսության վատ վիճակի հետ հակասություն չկա:

Ավելին՝ կա շատ հստակ պատճառահետևանքային կապ, քանի որ Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է, որովհետև աճել է ՀՀԿ «էլիտայի» բարեկեցությունը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular