7 արդյունավետ բնական միջոց քունը կարգավորելու և անքնությունից ազատվելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնքնությունը բավական տարածված խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա՝ հանգեցնելով թուլության, գերհոգնածության, ուժերի անկման և ինքնազգացողության սաստիկ վատթարացման։ Քնի խանգարումների խնդրին կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն ոչ բոլորն են ճիշտ պայքարում այս խնդիրների դեմ՝ կամ ընդունելով են քնաբեր ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ, որոնք մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում, կամ պարզապես անուշադրության մատնելով խնդիրը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել ու հանգեցնել առողջական լուրջ խնդիրների զարգացման։
Ներկայում դեղագործական ընկերություններն առաջարկում են տարատեսակ միջոցներ անքնության բուժման համար, սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ ցանկացած դեղամիջոց առաջացնում է բավական լուրջ կողմնակի բարդություններ, իսկ հաճախակի գործածության դեպքում կարող է անգամ կախվածություն առաջացնել։ Սա է պատճառը, որ քնի կարգավորման համար մասնագետները հորդորում են կիրառել շատ ավելի անվնաս միջոցներ, որոնք պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից, շատ ավելի հասանելի են և հազվադեպ են ունենում հակացուցումներ։ Ավելին՝ նման բնական միջոցները ոչ միայն անվնաս են ու հասանելի, այլև իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման մի քանի բնական դեղամիջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հանգստացնել նյարդային համակարգն ու հեշտությամբ կարգավորել քունն առանց վնասական դեղորայքի գործածության։
- 1 ճաշի գդալ պատրինջի մանրացրած տերևներին ավելացնել մի բաժակ օղի և թրմել 8-10 օր որևէ տաք տեղում։ Ստացված ոգեթուրմը հարկավոր է քամել և ընդունել օրական 15-20 կաթիլ օրական երեք անգամ (այդ թվում նաև քնելուց առաջ)։
- Շատ արդյունավետ կարող է լինել նաև դդմի հյութը, որը հանգստացնում է նյարդերն ու պայքարում է անքնության դեմ։ Օրական թույլատրելի չափաբաժինն է 1-2 բաժակ։
- 2 ճաշի գդալ գայլուկի կոներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 4 ժամ, այնուհետև թուրմը քամել և խմել քնելուց առաջ։
- 40 գրամ կարմիր ալոճենու ծաղիկներին ավելացնել 200 մլ եռման ջուր, թրմել 45 րոպե, այնուհետև ընդունել մեկական ճաշի գդալ քնելուց առաջ։
- 20 գրամ ալոճենու հասուն պտուղներին ավելացնել 200 մլ եռման ջուր, թրմել և խմել քնելուց առաջ որպես թեյ։
- 5 գրամ մանրացրած օշինդրին ավելացնել 200 մլ եռման ջուր, թրմել և խմել քնելուց առաջ ¼ բաժակ։
- 1 ճաշի գդալ ուրցի տերևներին ավելացնել մի բաժակ տաք ջուր և թրմել 20-30 րոպե։ Թողնել թուրմը սառչի, այնուհետև քամել և ընդունել ⅓ բաժակ քնելուց առաջ։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում անքնությունն ու քնի այլ խանգարումները պայմանավորված են լինում բավական լուրջ հիվանդություններով, ուստի նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: