Ռոման Ամոյան. այս մեդալի շնորհիվ՝ հավատս ուժերիս նկատմամբ վերականգնվեց
ՍՊՈՐՏԵվրոպայի 2016թ առաջնության արծաթե մեդալը 59կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանին վստահություն է ներշնչել իր ուժերի նկատմամբ: Մարզիկն իր վերջին մեդալը նվաճել էր 2013թ աշխարհի առաջնությունում: Այնտեղ նա զբաղեցրել էր 3-րդ տեղը: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ հենց տեւական անհաջողություններն էին պատճառը, որ մի պահ որոշել էր ավարտել կարիերան, սակայն հիմա այդ մասին բացարձակապես չի մտածում:
«Հավատս ուժերիս նկատմամբ կորել էր, բայց, փառք Աստծու, այս մեդալի շնորհիվ՝ հավատս վերականգնվեց, եւ նախկին եռանդով եւ ուժով նախապատրաստվում եմ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին»,-ասաց նա:
Ըմբիշը շատ կցանկանար ոսկե մեդալով վերադառնալ, սակայն արծաթն էլ լավ արդյունք է համարում:
«Բոլոր մարզիկներն առաջին հերթին ձգտում է մեդալի, եթե հնարավորություն է լինում, բնականաբար ձգտում են, ուզում են ամենաբաղձալի մեդալին՝ ոսկե մեդալին, հասնել: Ճիշտ է՝ ինձ մոտ չստացվեց ոսկին նվաճել, բայց արծաթն էլ ազնիվ մետաղ է, եւ 3 տարի անընդմեջ վատ մասնակցություններից հետո, փառք Աստծու, կարողացա նվաճել այս մեդալը, ինչի համար շատ ուրախ եմ»,-ասաց նա:
Ռիո 2016-ում հնարավոր արդյունքների մասին Ռոման Ամոյանը դեռ չի մտածում: Այս պահին նրա համար ամենակարեւորը մասնակցության իրավունք ստանալն է:
«Առաջնայինը վարկանիշը նվաճելն է, մնացածը ժամանակը ցույց կտա»,-ասաց նա:
Ռիգայում մարտի 8-13-ը տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչեւ եզրափակիչ հասնելն Ամոյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել Իվան Լիզատովիչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 13:6 հաշվով հաղթել էր Իրակլի Շավաձեին, իսկ կիսաեզրափակչում՝ 4:0 հաշվով Դմիտրո Ցիմբալյուկին: Եզրափակչում նա ուժերը չափեց Մինգիյան Սեմյոնովի հետ եւ պարտվեց 0:8 հաշվով:
Ռոման Ամոյանը Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներին մասնակցել է 6 անգամ, 2 անգամ հաղթող է դարձել, մյուս գոտեմարտերում ոսկին զիջել է մրցակիցներին: Վերջին անգամ նա Եվրոպայի առաջնությունում գոտեմարտել էր 2011 թվականին եւ չեմպիոն դարձել: