Էգեյան ծովում թուրքական նավերի մասնակցությամբ միջադեպեր են տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱպրիլի 26-ին և 27-ին միջազգային կանոնակարգերի խախտման միջադեպեր են տեղի ունեցել Թուրքիայի առափնյա պահպանության և Եվրոպական միության արտաքին սահմանների անվտանգության գործակալության նավերի մասնակցությամբ (Frontex), հայտնում է Ahval թերթը։
Միջադեպերը տեղի են ունեցել, երբ Թուրքիայի առափնյա պահպանության նավերը խախտել են Հունաստանի ջրային սահմանն Էգեյան ծովի արևելյան շրջանում գտնվող Քիոս կղզու մոտակայքում և վտանգավոր մանևվրներ իրականացրել ֆիննական և շվեդական նավերին շատ մոտ։ Վերջիններս պարեկային ծառայություն են իրականացրել Արևելյան Էգեյան ծովում Frontex-ի «Պոսեյդոն» գործողությունների շրջանակում:
Երկու պետությունների ղեկավարները «շատ լուրջ» են որակել միջադեպերը և այդ մասին տեղեկացրել ԵՄ արտաքին սահմանների անվտանգության գործակալության ղեկավար Ֆաբրիս Լազերիին, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Շինասին և միգրացիայի հարցերով հանձնակատար Իլվա Յոհանսոնին:
Հունական Kathimerini թերթի աղբյուրը մանրամասնել է, որ Լազերին անհանգստություն է հայտնել վերջին իրադարձություններից հետո արևելյան Էգեյան ծովում ծառայություն իրականացնող ԵՄ արտաքին սահմանների անվտանգության գործակալության նավերի անվտանգության վերաբերյալ: Նա նշել է, որ «Պոսեյդոն» գործողության շրջանակում տարածքում գործող նավերի անձնակազմերը պետք է անընդհատ գնահատեն իրավիճակը, քանի որ թուրքական նավերն անկանխատեսելի են: