Հին քրիստոնեական խորհրդանիշ խաչքար կտեղադրվի Բրատսկում՝ Քրիստոսի Ծննդյան տաճարի հարևանությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆbst.bratsk.ru-ն գրում է, որ Բրատսկում կհայտնվի նոր հուշարձանային օբյեկտ: Կիրովի փողոցում Քրիստոսի Ծննդյան տաճարի կենտրոնական մուտքի դիմաց կտեղադրվի հին քրիստոնեական խորհրդանիշ խաչքար:
Խաչքարը քարե սալ է՝ խաչի փորագրված պատկերով և նախշերով: Հայաստանի քրիստոնյաների համար դա ավանդական է: Անունը թարգմանվում է շատ պարզ ՝ խաչ և քար: Հետաքրքիր է այն, որ Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն է: Ներկայումս խաչքարեր տեղադրվում են նաև այլ երկրներում, սովորաբար ի նշան համերաշխության և 20-րդ դարի Հայոց ցեղասպանության ճանաչման:
Բրատսկի վարչակազմի քաղաքաշինության խորհրդի նիստում քննարկվել է խաչքարի տեղադրման հարցը: Բրատսկի եպարխիան սատարել է նախաձեռնությանը: Իրկուտսկի և Անգարսկի մետրոպոլիտ Մաքսիմիլիանն իր օրհնությունն է տվել խաչքարի տեղադրման համար:
Բրատսկի հայկական համայնքը կզբաղվի հատուկ քարի ձեռքբերմամբ, կպատրաստի պատվանդանը, կհոգա դրա ու հարակից տարածքի մասին: Խաչքարեր պատրաստելու տեխնոլոգիան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում, և դա ստեղծվում է հատուկ վարպետների կողմից: Ըստ Բրատսկի հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Դավթյանի՝ «հայ համայնքը լիովին պատասխանատվություն է կրում բոլոր աշխատանքների համար և խոստանում է հետագայում իրականացնել այդ խաչքարի և նրա շրջակայքի բարեկարգումը և պահպանումը»: Բրատսկում փորագրված խաչքարը պատրաստված կլինի վարդագույն տուֆից: Դրա բարձրությունը կկազմի 3 մետր 60 սանտիմետր, իսկ շուրջը ծաղիկներ կտնկվեն: «Տեղադրման պայմաններն այն են, որ դա, իհարկե, պետք է կատարվի տաք սեզոնին,-ասել է Դավթյանը,- մենք նախատեսում ենք դա անել մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը»:
Մայր տաճարի շրջակայքը սալապատված է: Դումայի նախագահ Լարիսա Պավլովան հայ համայնքից խոսք է վերցրել, որ մայթի սալահատակը չի վնասվի: Արմեն Դավթյանը հավաստիացրել է, որ մայթին ոչինչ չի պատահի, իսկ եթե վնասվածքներ լինեն, ապա հայկական համայնքը դրանք կվերացնի:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը