Վերլուծական շիզոֆրենիա է, երբ երեք տարի առաջ ասում էին՝ հրաժարական տված վարչապետը չի կարող ժ/պ լինել, իսկ հիմա հակառակն են հիմնավորում. Վարդան Այվազյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը Սահմանադրության կոպիտ խախտում է: Նրա իրավաբանները դեռ երեք տարի առաջ հիմնավորել էին, որ հրաժարական տված վարչապետը չի կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար, հիմա տեղերը փոխվել են, երբ, հակառակն են հիմնավորում, դա կոչվում է վերլուծական շիզոֆրենիա: Այս մասին այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
«Զավեշտն առավել մեծ է այն առումով, որ չկա դեպք, երբ հրաժարական տված պաշտոնյային նորից առաջադրում են նույն պաշտոնին: Եթե վարչապետը տվել է հրաժարական, սա նշանակում է, որ նրա լիազորությունների կատարումն անհնարին է: Սա Սահմանադրության և օրենքի կոպիտ խախտում է և որպես հետևանք՝ կարող է կիրառվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը»,-ասաց նա:
Այվազյանը նշեց, որ այս պարագայում լրիվ օրինաչափ են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկումը, որ իշխանության առաջ բերած ոչ իրավական գործընթացին չպետք է մասնակցի ընդդիմությունը: «Իմքայլականների՝ «Տեր-Պետրոսյանը լավ իրավական խորհրդատուներ չունի և լավ կանի՝ փոխի» մտքի ելևէջները ուղղակի ծիծաղ են հարուցում, որովհետև, լավ կլիներ, որ իմքայլականները գոնե իրենց միջավայրում ունենային իրավաբանը, որը իրենց տարրական մակարդակից մի քիչ վեր կկանգնի ու գիտելիք կունենա պետականության մասին»:
Սահմանադրագետը շեշտեց, որ արդեն երեք տարի է՝ ոչ լեգիտում գործընթացներ են տեղի ունենում ՀՀ-ում և այս շղթան դեռ շարունակվում է: