Թուրք պատգամավորը սպառնացել է Կարո Փայլանին՝ Ցեղասպանության մասին գրառման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուքրիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղը սպառնացել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանին՝ Հայոց ցեղասանության մասին նրա հայտարարության պատճառով: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն՝ հղում անելով թուրքական Bianet պարբերականին:
Ապրիլի 24-ին Փայլանը քննադատել էր այն հանգամանքը, որ մինչ օրս դպրոցներ և փողոցներ են անվանակոչվում Թալեաթ Փաշայի անունով, որն Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարն էր Ցեղասպանության ժամանակ:
«106 տարի անց մենք քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ Փաշայի անունը կրող փողոցներով: Մենք կրթում ենք մեր երեխաներին Թալեաթ Փաշայի անունը կրող դպրոցներում»,- իր թվիթերյան էջում գրել էր Փայլանը՝ իրավիճակը համեմատելով Գերմանիայում Հիտլերի անունով դպրոցներ և փողոցներ անվանակոչելու հետ:
Այս գրառմանն ի պատասխան թուրք պատգամավորը հայտարարել է. «Ստոր, սադրիչ մարդ: Եթե գոհ չես, գնա դժոխք: Թալեաթ Փաշան չի արտաքսել հայրենասեր հայերին, այլ նրանց, որոնք հարվածել են մեզ մեջքից, ինչպես դու: Երբ ժամանակը գա, դու նույնպես Թալեաթ Փաշայի փորձառություն կունենաս և պետք է ունենաս»:
Արձագանքելով Օզդաղի գրառմանը՝ Փայլանը նրան «ֆաշիստ» է անվանել:
Օզդաղն ազգայնական շարժման նախկին ներկայացուցիչ է, իսկ խորհրդարանում 2018-ին ընտրվել է այլ կուսակցության անունից:
Հիշեցնենք, որ Կարո Փայլանն ավելի վաղ առաջարկել էր Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ակտ ընդունել: