Եւս երկու օր առանց տեղումների. դեկտեմբերի 1-ի գիշերը տեղումներ կսկսվեն
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայաստանում առանց տեղումների եղանակը կպահպանվի եւս երկու օր, այնուհետեւ ձմռան հենց առաջին օրն առաջին իսկ ժամերից սկսած տեղումներ կսկսվեն: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա փոխանցմամբ՝ առաջիկա օրերին սպասվում է նաեւ օդի ջերմաստիճանի բարձրացում: Խոսքը վերաբերում է հատկապես Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերին եւ Արցախին: Մասնավորապես, Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում ջերմաստիճանն այսօր եւ վաղը կհասնի +15+17 աստիճանի:
«Նոյեմբերի 30-ին Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում մեր երկրի տարածքին: 30-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 1-ի գիշերն արդեն տեղումներ կսկսվեն, որոնք կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 2-ը: Լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, հովտային շրջաններում՝ եւ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Ամսի 3-ին տեղումները կդադարեն»,- ասաց Սուրենյանը:
Նա ընդգծեց, որ օդի ջերմաստիճանը, հատկապես զգալի (մոտ 6-7 աստիճանով) կբարձրանա դեկտեմբերի 1-ի գիշերը՝ հաշվի առնելով, որ ներթափանցող ցիկլոնը Միջերկրական ծովից իր հետ տաք օդային հոսանքներ է բերում: Այսինքն, եթե այս օրերին Երեւանում գիշերը -8 աստիճան ցուրտ է գրանցվում, ապա դեկտեմբերի 1-ից հետո գիշերային ժամերին Երեւանում ջերմաստիճանը կմոտենա 0+2 աստիճանի: Այդ է պատճառը, որ տեղումները կանխատեսվում են խառը տեսքով.
«Այսինքն՝ ձնածածկույթ հնարավոր է չձեւավորվի: Դեկտեմբերի 1-ի առավոտյան մաքուր ձյուն կգա, այնուհետեւ ջերմաստիճանը կբարձրանա ու ձյունը կվերածվի ձնախառն անձրեւի, դա էլ՝ թաց ձյան»,- ընդգծեց օդերեւութաբանը:
Նշենք, որ տեղումները, հատկապես առատ կլինեն Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում:
խառը ձմեռ
Արդեն հայտնի են նաեւ ամբողջ ձմռան վերաբերյալ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումները, որոնք ներկայացվել են նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում:
«Մենք այս տարի չենք սպասում, որ 60 օր սառնամանիք կլինի կամ 60 օր տաք: Վայրիվերումներով, ջերմաստիճանի անկմամբ, բարձրացմամբ, տեղումներով, առանձին օրերին՝ առանց տեղումների, այսինքն՝ բուռն մթնոլորտային երեւույթներով արտահայտված ձմեռ է սպասվում»,- մեզ հետ զրույցում ձմռան վերաբերյալ կանխատեսումներն ընդհանրացրեց օդերեւութաբանը:
Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ առաջիկա ձմռան ընթացքում կլինեն եւ շատ սառնամանիքային օրեր, երբ ջերմաստիճանը -7-10 աստիճան կլինի, եւ շատ տաք օրեր, երբ ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-ից 10 աստիճանով:
«Մեր հանրապետության տարածքը այդ երեք ամիսներին շատ հաճախ ենթարկվելու է հիմնականում Սկանդինավիայի կողմից ներթափանցած արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցությանը, որոնք առաջացնելու են օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ՝ առատ ձյուն, բուք եւ այլն: Ժամանակ առ ժամանակ կզգացվի նաեւ Մերձավոր Արեւելքից ներթափանցող արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցությանը, որի հետեւանքով որոշակի ժամանակահատվածներում կնկատվի օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում»,-ասաց նա՝ հավելելով, որ ֆերմերներին խորհուրդ են տալիս կատարել այգեթաղ, քանի որ խաղողի առանձին տեսակներ -18 աստիճանի դեպքում ցրտահարվում են:
Ամփոփելով կանխատեսումները՝ Գագիկ Սուրենյանն ընդգծեց՝ սպասվում է ձնառատ ձմեռ:
Հ.Գ. Գագիկ Սուրենյանը վերջերս ֆեյսբուքում հարցում էր անցկացնում՝ հասկանալու «նորմա» ասվածի վերաբերյալ մարդկանց պատկերացումը: Ամփոփելով այդ հարցման արդյունքները՝ օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը մեզ հետ զրույցում ասաց, որ միջինացված արժեքով ձմռան վերաբերյալ կանխատեսումները ներկայացնելը սխալ է.
«Սովորաբար, եթե ամսվա կեսը սպասվում է սառնամանիքային, մյուս կեսը՝ բավականին տաք եղանակ, մենք ներկայացնում ենք, որ նորմայի սահմաններում է լինելու ամիսը: Ես այդ հարցման ընթացքում հասկացա, որ դա բնակչին լիարժեք պատկերացում չի տալիս ամսական կտրվածքով սպասվող եղանակակլիմայական պայմանների վերաբերյալ: Դրա համար մենք այս անգամ որոշեցինք ավելի մանրակրկիտ ներկայացնել, թե ինչպիսի ձմեռ է սպասվում, նշեցինք, որ կլինեն եւ սառնամանիքային եւ տաք ժամանակահատվածներ՝ պայմանավորված տվյալ օրվա օդային զանգվածի ներխուժմամբ: Մարդկանց պատասխաններից նաեւ հասկացա, որ անկախ նրանից՝ 60 օր տաք կլինի, 5 օր ցուրտ, եթե 5 օր գերակշռում է ուժեղ ցուրտը, ազգաբնակչությունը ասում է՝ ո՞ւր է ձեր կանխատեսած տաք ձմեռը»,- պարզաբանեց Գագիկ Սուրենյանը: