Ասադը Սիրիայում նախագահական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը Սիրիայում նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցման հայտ է ներկայացրել Բարձրագույն սահմանադրական դատարան, SANA լրատվական գործակալությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին: Երկուշաբթիից Բարձրագույն սահմանադրական դատարանը սկսել է ընդունել իրենց թեկնածությունն առաջադրող քաղաքական գործիչների հայտերը։ Գրանցումը կտևի 10 օր։ Այս պահին, Ասադից բացի, հայտ է ներկայացրել ևս հինգ մարդ, այդ թվում՝ երկու կին:
Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնին կարող են հավակնել վերջին 10 տարում Սիրիայում բնակվող և օտարերկրյա անձնագիր չունեցող 40 և բարձր տարիքի քաղաքացիներ:
Սիրիայում նախագահական նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականին․ քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 73,5 տոկոսը: Հաղթել էր Բաշար Ասադը, որը ստացել էր ընտրողների 88,7 տոկոսի աջակցությունը: