Մասնագետը նշել է՝ որ սովորություններն են հանգեցնում քաղցկեղի զարգացման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որի զարգացմանը նպաստող գործոնները կարող են տարբեր լինել, սակայն հակառակ տարածված կարծիքի կարմիր մսի գործածությունն ու սթրեսը չեն հանդիսանում այս չարորակ հիվանդության զարգացմանը նպաստող անմիջական պատճառ։ Այս մասին, ինչպես գրում է medikforum.ru կայքը, ասել է ճառագայթաբան Ստանիսլավ Ռակիտինը՝ նշելով այն հանգամանքներն ու սովորությունները, որոնք բարձրացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Մասնագետը հերքել է տարածված կարծիքն այն մասին, որ չարորակ ուռուցքը կարող է զարգանալ «նյարդային հողի վրա»։
«Միֆն այն մասին, որ քաղցկեղը կարող է պայմանավորված լինել սթրեսով կամ կանոնավոր քնի պակասով, առայժմ գիտական հաստատում չի ստացել», – նշել է մասնագետը՝ հավելելով, որ կարմիր մսի գործածությունը ևս չի հանգեցնում քաղցկեղի զարգացման։
Նրա խոսքով՝ կարմիր մսի գործածությունը չի ազդում չարորակ բջիջների առաջացման հավանականության վրա, սակայն այն մեծ քանակությամբ ուտելն այնուամենայնիվ վնասակար է։
Ինչ վերաբերում է քաղցկեղի զարգացման հավանականության վրա ազդող սովորություններին, ապա մասնագետն առաջին հերթին առանձնացրել է ծխախոտի գործածությունը՝ շեշտելով, որ այն բարձրացնում է քաղցկեղի գրեթե բոլոր հայտնի տեսակների զարգացման վտանգը։ Բացի այդ, մասնագետը հորդորել է խուսափել ալկոհոլի գործածությունից, քանի որ այն բացասաբար է անդրադառնում լորձաթաղանթների վրա՝ նպաստելով բերանի խոռոչի ու մարսողական տրակտի օրգանների քաղցկեղի զարգացմանը։
Բացի այդ, այս վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունը բարձրանում է նաև չափազանց տաք ուտեստներ ու ըմպելիքներ ընդունելու սովորության հետևանքով։ Բանն այն է, որ տաք սնունդը կամ ըմպելիքները կարող են դառնալ մարսողական համակարգի նուրբ հյուսվածքների այրվածքների պատճառ, ինչն էլ կարող է հանգեցնել բջիջների՝ քաղցկեղի պատճառ հանդիսացող դեֆորմացիայի։