ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ծանրամարտիկները վերադարձան Երևան, «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին ծափերով (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկները Մոսկվայից վերադարձան Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ծափերով ու դափնեպսակներով։

Հիշեցնենք` ապրիլի 3-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր նախորդ տարվանից: Հայաստանն առաջնությունում ներկայացրին 14 մարզիկ-մարզուհի, որոնք նվաճեցին երկամարտի 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեցին Կարեն Ավագյանը և Սամվել Գասպարյանը: 89 կգ քաշային կարգում Կարեն Ավագյանն անգերազանցելի էր երկամարտի 375 կգ արդյունքով. պոկում վարժությունում նա գլխավերևում պահեց 175 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում գրանցեց 200 կգ արդյունք:

102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը չեմպիոն դարձավ երկամարտի 390 կգ արդյունքով՝ պոկելով 176 կգ և հրելով 214 կգ: Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձան Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ)՝ երկամարտում գրանցելով համապատասխանաբար 380 կգ և 464 կգ արդյունք: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Լիանա Գյուրջյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Գյուրջյանը երկամարտում գրանցեց 227 կգ արդյունք, Կարապետյանը՝ 365 կգ, Մկրտչյանը՝ 372 կգ, իսկ Լալայանը՝ 445 կգ: Երկամարտի թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 2-ական ոսկե և արծաթե, 4 բրոնզե մեդալով զբաղեցրեց 3-րդ տեղը. առաջատարն Ուկրաինայի ընտրանին էր (4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ), իսկ երկրորդ տեղում Բուլղարիան էր (3 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե):

Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները.

Իզաբելա Յայլյանը (55 կգ) պոկում վարժությունում գրանցել է 90 կգ արդյունք՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունն ավարտել է 105 կգ ցուցանիշով. երկամարտի 195 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը հանդես է եկել B խմբում և երկամարտի 346 կգ արդյունքով (150 կգ + 196 կգ) զբաղեցրել խմբում առաջին հորիզոնականը:

Բացի դրանից, հրում վարժությունում գրանցած արդյունքով հայ ծանրորդը երիտասարդների ռեկորդ է սահմանել և փոքր բրոնզե մեդալ նվաճել: Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) պոկում վարժությունում 165 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրումում 0 է ստացել՝ 3 անգամ չկարողանալով հրել 195 կգ ծանրաձողը: Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել 190 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 0 է ստացել: Տաթև Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 221 կգ արդյունք, իսկ Արփինե Դալալյանը երկամարտի 221 կգ ցուցանիշով չորրորդն է եղել +87 կգ քաշային կարգում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular