Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վերին Լարս» սահմանային անցակետի ճանապարհին ռուսական կողմից մի քանի հազար տրանսպորտային միջոց է կուտակվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը մեկ շաբաթից ավելի է, ինչ փակ է մեծ բեռնատարների համար՝ վատ եղանակի պատճառով: Արդեն մի քանի օր է՝ ճանապարհը բաց է, սակայն հսկիչ անցագրային կետի մերձակայքում և տարածքում ռուսական կողմից երկար հերթեր են պահպանվում։
Թանանյանը նշեց, որ դա նորմալ երևույթ է, քանի որ ճանապարհը երկար ժամանակ փակ է եղել։
«Երեկվա տվյալներով՝ միան Կաբարդինո-Բալկարիայի տարածքում բեռնատարների մոտ հինգ կիլոմետրանոց հերթ է։ Մոտ 13 կմ հերթ է Օսեթիա մտնելու ճանապարհին, Վլադիկավկազում փակ բեռնատարների 10 կմ հերթ է»,-ասել է Թանանյանը։
Նրա խոսքով՝ Վերին Լարսի անցակետի շրջակայքում 4 կիլոմետրանոց հերթ է։ Բացի այդ, Մախաչկալայի շրջաններում մի քանի տասնյակ կիլոմետր հերթ է գոյացել։ Թանանյանն ընդգծել է, որ մոտ 100 մեքենան մոտ երկու կմ երկարությամբ հերթ են գոյացնում։ Հետևաբար, կուտակվել է մի քանի հազար տրանսպորտային միջոց, որոնք Վրաստան մտնելու համար իրենց հերթին են սպասում։
«Այս բոլոր բեռնատարները դեռ պետք է Ռուսաստանից Վրաստան մտնեն, բայց ամեն օր նրանց նոր մեքենաներ են միանում։ Դրանցից 10-15 տոկոսը հայկական բեռնատարներ են»,-ասել է Թանանյանը։
Ըստ նրա կանխատեսման՝ իրավիճակի կայունացման և երթևեկության կանոնակարգման համար մոտ 20 օր է անհրաժեշտ։
Նա ընդգծել է, որ սահմանային անցակետն աշխատում է անդադար, ուժերի լարումով։ Միայն երեկ երկու կողմից անցակետն անցել է ավելի քան հազար տրանսպոտային միջոց․ 600-ը՝ Ռուսաստանից Վրաստան և գրեթե նույնքան էլ՝ հակառակ ուղղությամբ։
Թանանյանը նշել է, որ բացի կուտակվածներից, Ռուսաստան մտնող բեռնատարները շարունակական շարժման մեջ են և հետ են վերադառնում, այդ պատճառով էլ շարունակաբար փակ ճանապարհի պայմաններում այդպիսի հերթ է առաջանում։
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։