Մեղրը կարող է պայքարել սրտանոթային հիվանդությունների դեմ․ գիտնականներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մեղրը կարող է նույնքան արդյունավետ լինել սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում, որքան որոշ մրգերն ու բանջարեղենի տեսակները, գրում է med2.ru կայքը։
Գիտնականների պնդումները հաստատվել են գիտափորձի միջոցով, որին մասնակցել է 18-68 տարեկան 25 տղամարդ։ Գիտափորձը ցույց է տվել, որ ջրում լուծված մեղրի գործածությունը հանգեցնում է մասնակիցների արյան մեջ հակաօքսիդանտների մակարդակի բարձրացման։ Ինչպես նշում է հետազոտության առաջատար հեղինակ Նիքի Էնգեսետը, մեղրը չափավոր պաշտպանիչ ազդեցություն է ունենում, որը տարածվում է նաև սրտանոթային համակարգի վրա։
«Մեղրը պարունակում է նույն քանակությամբ հակաօքսիդանտներ, որքան, օրինակ, խնձորը, սպանախը, նարինջը, ելակը և այլն։ Այս դասի նյութերը խոչընդոտում են զարկերակների նեղացմանը, ինչը շատ օգտակար է սրտի հիվանդությունների կանխարգելման համար», – նշել է Էնգեսետը։
Օրգանիզմի վրա մեղրի ունեցած ազդեցությունն ուսումնասիրելու համար գիտնականները 12-շաբաթյա գիտափորձեր են անցկացրել նաև ճագարների վրա։ Գիտափորձերի միջանկյալ արդյունքները ցույց են տվել, որ մեղրի մեջ պարունակվող հակաօքսիդանտները կարող են ճնշել արյունատար անոթները խցանող վահանիկները, ուստի մեղրի չափավոր գործածությունը կարող է շատ օգտակար լինել։