Հանգիստ եղեք, ամեն բան մեր վերահսկողության տակ է․ ռուսների կոչը՝ հայաստանցիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արված հայտարարությանը, ըստ որի, Փաշինյանն առաջիկա ապրիլին հրաժարական է տալու եւ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հունիսի 20-ին։ Կրեմլի խոսնակը ասել է, որ այդ հրաժարականը չի առաջացնում անհրաժեշտություն, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը անհապաղ հեռախոսազրույց ունենան։
Բացի այդ, Փաշինյանը դեռ մնալու է որպես ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ ընտրությունները եւ բացի այդ էլ, մի քանի օր առաջ Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց արդեն ունեցել են։ Պեսկովի հայտարարության մեջ տեղ գտած մտքերը բավական հետաքրքիր են ու ինչ որ իմաստով նաեւ՝ ինտրիգային։ Նախ հետաքրքրական էր մի քանի օր առաջ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն ինքնին։ Ընդ որում, ռուսական կողմը շեշտեց, որ այն տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Երկրորդ, ժամանակագրորեն այն համընկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հայտնի քրեական գործի մասով ՍԴ կայացրած շրջադարձային որոշման հետ նույն օրվա մեջ։ Այսինքն, ստացվեց տպավորություն, որ ՍԴ-ի միաձայն որոշումից հետո (հիշեցնենք, որ խոսքում ենք Փաշինյանի սրտի ՍԴ-ի մասին, որտեղ կան նրա երազանքի կադրերը եւ որոնք միաձայն քվեարկությամբ՝ մասնակցել են Քոչարյանի մեղադրանքի հակասահմանադրական ճանաչմանը) Նիկոլ Փաշինյանը զանգել ու զեկուցել է Պուտինին։
Հետաքրքրական է, որ այդ հեռախոսազրույցի մասին Փաշինյանի աշխատակազմի եւ Կրեմլի տարածած հաղորդագրությունները զարմանալիորեն սինխրոն էին, այն դեպքում, երբ դրանից անմիջապես առաջ տարածվածը դարձավ «բոլոլա» եւ հավելյալ պարզաբանվեց Կրեմլի կողմից։
Այսօր արդեն ֆրանսիական Le Figaro-ն Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին անդրադարձած հոդվածում տողարանքային մեսիջ է հղում, որ հենց արտահերթ ընտրությունների մասին համաձայնություն եղավ, Քոչարյանի մեղադրանքները հակասահմանադրական ճանաչվեցին։
Այս բոլորը որպես անգլիական «փազըլ» հավաքելով, ստանում ենք մի բավական հետաքրքիր պատկեր, ըստ որի՝ Պեսկովի խոսքերը «նյութականանում են» որպես այսպիսին․ «հանգիստ եղեք, ամեն բան մեր հսկողության տակ է»:
Արամ Սիմոնյան
politik.am