Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են Կախա Կալաձեի առողջական վիճակի լավացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որը տեղափոխվել էր հիվանդանոց, ավելի լավ է զգում իրեն եւ կվերադառնա աշխատանքի մոտ ապագայում, ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Հավելյալ հետազոտություններից հետո բժիշկները հայտնել են Կալաձեի վերջնական ախտորոշումը՝ «իշեմիկ ծագման կոկլեո-վեստիբուլյար դիսֆունկցիա»:
«Կախա Կալաձեն շարունակում է բուժվել հիվանդանոցում, աշխատում է հեռավար եւ շուտով կվերադառնա սովորական ռեժիմին»,-ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Թբիլիսիի 42-ամյա քաղաքապետը ավելի քան մեկ շաբաթ չէր ներկայացել հանրությանը: Նախօրեին Կալաձեն հայտնել է, որ նրա մոտ ախտորոշվել է վերտեբրո-բազիլյար անբավարարություն, եւ նա անցնում է լրացուցիչ հետազոտություններ վրացական հիվանդանոցներից մեկում:
Հավելյալ հետազոտություններից հետո այդ ախտորոշումը հերքվել է: Բժիշկները համարում են, որ վեստիբուլյար խանգարումները կապված են նրա լարված աշխատանքային օրվա, ինչպես նաեւ սպորտային անցյալի հետ: