Ո՞ր ախտանշաններն են նախազգուշացնում սրտամկանի ինֆարկտի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։
Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը յուրաքանչյուր տարի հազարավոր մարդկանց մահվան ու հաշմանդամության պատճառ է դառնում։ Նման հետևանքներից խուսափելու համար հարկավոր է սովորել տարբերել այն ախտանշանները, որոնք կարող են նախազգուշացնել սրտամկանի ինֆարկտի բարձր հավանականության մասին՝ թույլ տալով կանխել հնարավոր անդառնալի հետևանքները։
Բժիշկների ամերիկյան քոլեջի գիտնականները հարցումներ են անցկացրել սրտի նոպա տարած ավելի քան 800 մարդու, ինչպես նաև նրանց հարազատների ու բժիշկների շրջանում՝ առանձնացնելով մի քանի ախտանշան, որոնք առավել հաճախ են ի հայտ եկել սրտամկանի ինֆարկտից առաջ։ Դրանց շարքին են դասվել կրծքավանդակի ցավը, դժվարացած շնչառությունը, սրտխփոցը, զարկերակային ճնշման կտրուկ նվազումը, գիտակցության կորուսը, ինչպես նաև սրտխառնոցն ու որովայնի կամ մեջքի ցավերը։
«Չի կարելի անլուրջ վերաբերվել այնպիսի ախտանշաններին, ինչպիսին են կրծքավանդակի ցավը կամ հևոցը», – նախազգուշացնում է պրոֆեսոր Սրտի գերմանական հիմնադրամի նախագահ Թոմաս Ֆոյգտլենդերը՝ շեշտելով, որ նման ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու մանրակրկիտ բուժզննում անցնել։
Այս հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար մասնագետները հորդորում են շատ լուրջ ուշադրություն դարձնել նաև այն հիվանդություններին, որոնք կարող են նպաստել սրտամկանի ինֆարկտի զարգացմանը։ Ռիսկային գործոնների շարքին են դասվում նախկինում ունեցած սրտի նոպաները, ինչպես նաև սրտի իշեմիկ հիվանդությունն ու կրծքային հեղձուկը՝ ստենոկարդիան, ուստի այս հիվանդությունների դեպքում մարդիկ պետք է առանձնահատուկ ուշադիր լինեն։ Բացի այդ, սրտի նոպայի հավանականությունը բարձրացնում են նաև զարկերակային բարձր ճնշումն ու սրտային անբավարարությունը։ Ավելին՝ խիստ վտանգավոր կարող է լինել անգամ մաքուր օդին մարզվելը, հատկապես, եթե այն արվում է ցածր ջերմաստիճանային պայմանների դեպքում։
Այնուամենայնիվ, կանոնավոր մարզումներից պետք չէ հրաժարվել, քանի որ դրանք ոչ միայն բարելավում են ինքնազգացողությունը, այլև բնական ճանապարհով նվազեցնում են զարկերակային ճնշումը։ Առողջական խնդիրներից խուսափելու համար հարկ է հիշել, որ մարզումները չպետք է չափազանց ինտենսիվ լինեն։ Ոչ շատ ինտենսիվ ֆիզիկական ակտիվության հիանալի տարբերակ կարող են լինել զբոսանքը, քայլքը, լողն ու հեծանվավազքը։