Սամվել Ալեքսանյանը՝ վաստակավոր շինարա՞ր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Շինարարների միությունը երկար տարիներ խնդիրը բարձրացրել է, թե ինչու կա վաստակավոր բժիշկ, լրագրող եւ այլն, բայց չկա շինարար»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ գաղափարն է շինարարներին վաստակավոր շինարարի կոչում տալու մասին օրենքի նախագիծը:
Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանում եկեղեցի կառուցողներին եւս վաստակավոր շինարարի կոչում տան, նախարարը պատասխանեց. «Ոչ, խնդիրը նրանում է, որ կամ պետք է խոսենք ընդհանրապես վաստակավորների ինստիտուտը վերացնելու մասին, բայց եթե կա այդ ինստիտուտը, ապա նրանց պահանջը արդարացի է»:
Լրագրողները Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեցի՝ Սամվել Ալեքսանյանին եւ՞ս վաստակավոր շինարարի կոչում կտրվի այն բանի համար, որ «Փակ շուկան» վերակառուցեց. «Խոսքը վերաբերվում է միայն շինարարներին»,- հակիրճ պատասխանեց նախարարը: Նա նշեց նաեւ, որ խոսքը վերաբերվում է որակավորում ունեցող շինարարներին, իսկ «Փակ շուկան» Սամվել Ալեքսանյանը չի վերակառուցել:
«Կոնկրետ, եթե այս ոլորտի բարձրակարգ մասնագետներ են բոլորը, կարող են հավակնել: Վարպետները, ինժեներները, կոնստրուկտորները, շինարարության տեխնոլոգները, կազմակերպիչները, բոլորը»,- ասաց Նարեկ Սարգսյանը՝ նշելով, թե ովքեր կարող են հավակնել վաստակավոր շինարարի կոչմանը: