ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էս մարդիկ պետք ա իմանան, թե ովքեր են իրենց իրական թշնամիները…». Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվող Ծգըլի հայտարարությունը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանը շարունակեց գործով ապացույց ճանաչված տեսաձայնագրությունների հետազոտումը:

Այս նիստին Երրորդմասցի Լյովիկի սպանությանը չվերաբերող հայտարարությամբ հանդես եկավ նեղված Ծգըլը՝ ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը:

Ամբաստանյալի վրդովմունքը վերաբերում էր Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահում վերջերս կատարված կրկնակի սպանության գործով Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբոր անվան հիշատակություններին՝ լրատվամիջոցներում:

Ծգըլը այդ հիշատակությունները «զրպարտանք» անվանեց ու հայտարարեց. «Տելեվիզորներով ինչ ասեն՝ դոգմա դարձնեն, իմանան՝ էդ մարդը հանցագործ ա… Բա որ էդ մարդկանց ընտանիքին ինֆարկտ խփեր… Հերիք չի՝ մի հատ էս տղեն ստեղ ա զրպարտանքով, մի հատ էլ՝ ախպերը… Ո՞վ էր պատասխան տալու՝ լրատվամիջոցնե՞րը, թե՞ դատախազը…»: Դատախազներին նկատի ունենալով, Սարգիս Գրիգորյանն ասաց. «Թող շառ անեն իրանց վրա ու տանեն մի 15 օր փակեն, տենամ՝ կդիմանա՞ն: Կամ էլ թող զգան՝ էդ ինչ ա…»:

Ծգըլը անդրադարձավ նաև այս գործով տուժողների հարազատներին՝ նկատի ունենալով, որ իրենք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, իրենց մեղավոր չեն ճանաչում. «Էս մարդիկ պետք ա իմանան, թե ովքեր են իրենց իրական թշնամիները, մարդ ենք, հո գազան չե՞նք»:

Գործով ապացույց ճանաչված տեսանյութերից դիտվեցին Ավան-Առինջի «Նոր Զովք» սուպերմակետի տեսախցիկներով կատարված տեսանկարահանումները, որոնց վրա, ըստ նախաքննական մարմնի, երևում է՝ ինչպես են ջինսե անդրավարտիքներ, կապյուշոնով մարզահագուստներ հագած, կապյուշոններով դեմքերը քողարկած երեք երիտասարդ անցել սուպերմարկետի մոտով ու գնացել «Միլենա» տաքսի-ծառայության գրասենյակ:

Ըստ նախաքննական մարմնի՝ երեք ամբաստանյալները Նուբարաշենում հնչեցրած կրակոցներից հետո խուճուճ ճանապարհներով ու տաքսիներ փոխելով՝ ժամը 14-ի սահմաններում հասել են Ավան-Առինջի «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ, մտել են «Միլենա» տաքսի-ծառայություն, որտեղից «Խռիկ» մականունով Նարեկը նրանց մեքենայով տեղափոխել է նրանց ցանկացած վայրը:

Քննիչը տեսանյութերից մեկի զննության արձանագրությունում գրել էր, թե երևում է սուպերմարկետի տեսախցիկի դիմացով անցնող Սարգիս Գրիգորյանի դեմքը: Սակայն դատարանում այդ տեսանյութի հետազոտության ժամանակ ոչ մի դեմք նշմարել հնարավոր չեղավ:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը մի քանի անգամ հանդես եկավ հայտարարություններով: Մասնավորապես, նա, հետազոտվող տեսանյութերը նկատի ունենալով, ասաց. «Չեմ հասկանում՝ ի՞նչ ապացուցողական նշանակություն ունեն այս տեսանյութերը: Ավանի «Նոր Զովքը»՝ ո՜ւր, սպանության վայր Նուբարաշենը՝ ո՜ւր… Քննիչը գրել է՝ երևում է Սարգիս Գրիգորյանի դեմքը, բայց ես ոչինչ չեմ տեսնում… Բայց եթե անգամ երեքի դեմքն էլ շատ պարզ երևա, դրանով ոչինչ չի ապացուցվում՝ որտե՜ղ՝ Ավանը, որտե՜ղ՝ Նուբարաշենը…»:

Պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը. «Իմ գործընկերը ճիշտ նկատեց՝ քննիչը իրավունք չունի արձանագրել մի բան, որը չի երևում, եթե դեմքը չի երևում, չպետք է նշի, թե երևում է… Բայց՝ մի փաստ. ինչ է գրել քննիչը՝ նշանակություն չունի: Կարևոր է՝ ինչ ենք տեսնում: Տեսնում ենք, որ երեք անձ՝ հագուստի նույն նկարագրությամբ, նույն մարմնակազմությամբ անցնում են սուպերմարկետի մոտով, նրանցից մեկն առանձնանում ու անցնում է սուպերմարկետի դիմացով, մյուս երկուսը թեքվում են աջ ու սպասում են… Ով՝ ում է նմանեցնում՝ հետո կանդրադառնանք, կարևորը՝ երեք հոգի են: Մյուս ապացույցների համակցությամբ թե ինչ կհաստատվի՝ կերևա: Թե յուրաքանչյուր ապացույց ինչ է ապացուցում՝ ամեն մեկս մեր ճառերում կանդրադառնանք: Միայն քննիչի գրածը ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար հիմք չի տալիս…»:

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց. «Մենք պետք է անդրադառնանք ոչ միայն ապացույցների ոչ թույլատրելիությանը, այլև՝ ոչ վերաբերելիությանը… Եթե այս տեսանյութի, ասենք, մեկ ժամվա նկարահանված նյութը նայենք, երեք էլ, տասներեք էլ կապյուշոնով մարդ կտեսնենք, դա ոչինչ չի նշանակում: Ուրիշ բան, եթե ինչ-որ արտառոց իրավիճակ պատկերված լիներ, բայց արտառոց ոչինչ չկա… Անձանց մեղադրել  էսպիսի՜ ապացույցով…»:

Դատախազ Արամյանը միջամտեց. «Եթե ապացույցը լավը չի, խի՞ եք անհանգստանում»:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատախազին ասաց. «Ակնկալում ենք, որ մեղադրանքից հրաժարվելու եք»:

Դատախազը պատասխանեց. «Էդ ակնկալիքը չի իրականանա»:

Հաջորդ դատական նիստին դատարանը կշարունակի գործով ապացույց ճանաչված տեսանյութերի հետազոտումը: Հնարավոր է՝ դատարան կհրավիրվի մասնագետ, քանի որ տեսանյութերի մի մասը դիտելու համար դատարանի համակարգիչը պետք է համապատասխան ծրագրային ապահովում ունենա:

 

Լուսանկարը ՝  News.am-ի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular