Իրանում նշել են Ռուսաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների նպատակները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժություններն ուղղված են Հնդկական օվկիանոսի հյուսիսում անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի փոխհրամանատար Հաբիբուլա Սայարին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ռուսաստանի հզոր նավատորմի զորավարժությունների անցկացումը Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հետ հստակ ուղերձ է պարունակում»,- ասել է իրանցի զինվորականը` նշելով, որ իրանական նավատորմը գտնվում է խոշոր տերությունների նավատորմերի մակարդակին:
Զորավարժությունների հստակ ամսաթիվը իրանցի փոխհրամանատարը չի նշել:
Ավելի վաղ Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր Հնդկական օվկիանոսում փետրվարի կեսին բազմակողմ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին: Դրանց ընթացքում նախատեսվում է, ի թիվս այլ ծրագրերի, համագործակցություն մշակել որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու և նավարկության անվտանգությունն ապահովող միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ: