Ադրբեջանից մեզ վստահեցնում են` հուշարձանների պղծման դեպքերը չեն խրախուսվում. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուշարձանի պղծման ցանկացած դեպք անընդունելի է, իսկ երբ խոսքը հայրենական պատերազմի հերոսների հուշարձանի մասին է, այստեղ այլ դիրքորոշում չի կարող լինել: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով օկուպացված հայկական Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշարձանը պղծելուն:
«Հուշարձանների պղծման հետ կապված մեր սկզբունքային վերաբերմունքը քաջ հայտնի է: Մենք մեկ անգամ չէ, որ ուշադրություն ենք հրավիրել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` ԵՄ տարածքում Հայրենական պատերազմի հերոսների հուշարձանների քանդման, վանդալիզմի փաստերի վրա: Մենք ուշադրություն ենք հրավիրել այդ զգայուն հարցի նկատմամբ տեղեկատվական հարթության մեջ մանիպուլյացիայի դեպքերի նկատմամբ»,- ասաց նա:
Զախարովան, խոսելով կոնկրետ այս դեպքի մասին, նշեց` անմիջապես այս հարցերի վերաբերյալ, երբ ստացել են այս տեղեկությունը, կապ են հաստատել ադրբեջանցի գործընկերների հետ:
«Նրանք մեզ վստահեցրին, որ վանդալիզմի ակտերը, Հայրենական մեծ պատերազմին ու հերոսներին նվիրված հուշարձանների և գերեզմանների քանդման դեպքերը ճիշտ ժամանակին արձանագրել են ադրբեջանական կողմում, հետաքննություն է անցկացվում, և նրանք, ովքեր վանդալիզմի ակտ են իրականացնում, պատասխանատվության են ենթարկվում, և նման գործողությունները բոլորովին չեն խրախուսվում»,- նշեց նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասաց, որ չի պատրաստվում ադրբեջանական կողմի փոխարեն մեկնաբանել այս հարցը, բայց պատասխանեց, քանի որ արդեն իսկ Բաքվի գործընկերների հետ կապ է հաստատել:
«Մենք բոլորս`հայ, ռուս, ադրբեջանցի, պետք է հիշենք` Հայրենական մեծ պատերազմը և հաղթանակը մեր ժողովուրդների ձեռքբերումն է, բոլորս պետք է արձագանքենք հուշարձանների պղծման, վանդալիզմի ակտերին` ոչ թե առանձին դեպքերում, այլ միշտ: Ես սրտանց կցանկանայի` իբրև քաղաքացի նաև, որ մենք միայնակ չլինենք պատմության կեղծման և վանդալիզմի դեմ պայքարում»,- նշեց նա: