Զկրտոցը կարող է կորոնավիրուսի վաղ ախտանշան լինել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀազվադեպ զկրտոցի նոպաները կարող են լինել կորոնավիրուսային ինֆեկցիայի առաջին ախտանշանը: Այսպիսի կարծիք է հայտնել Սեչենովի համալսարանի նյարդային հիվանդությունների եւ նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր Վլադիմիր Պարֆյոնովը (Ռուսաստան):
«Մոսկվա» գործակալությունը հայտնում է, որ 2020 թվականին Pubmed էլեկտրոնային գրադարանում 7 հրապարակում էր հայտնվել «Զկրտոց: COVID-19» թեմայով:
Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում զկրտոցի առանձնահատկություններ չկան:
Նշենք, որ գիտությանը հայտնի է զկրտոցի հայտնվելու ընդամենը մոտ 100 հնարավոր պատճառ: Այն ավելի հաճախ հայտնվում է աղեստամոքսային տրակտի կամ նյարդային համակարգի ախտահարման ժամանակ: Հաճախակի զկրտոց կարող են առաջացնել նաեւ կաթվածները, գլխուղեղի վնասվածքները եւ ուռուցքները, սակայն այս դեպքերի մեծ մասում զկրտոցը համակցվում է նյարդային համակարգի այլ ախտանիշների հետ, նշել է մասնագետը: Հաճախ զկրտոցի պատճառ են դառնում նաեւ սթրեսը եւ էմոցիոնալ խանգարումները: