ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չավուշօղլուի հայտարարությունը Հայաստանի կողմից պետք է արժանանա շատ կոշտ պատասխանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման ու ապօրինի յուրացման փաստերը, Չավուշօղլուն հայտարարում է՝ խորհուրդ կտամ հայերին դասեր քաղել անցյալից: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

— Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք գնահատում Չավուշօղլու հայտարարությունը ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան պարբերաբար խոսում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու, սահմանները բացելու անհրաժեշտության մասին:

— Ես կարծում եմ, որ Չավուշօղլու այդ հայտարարությունը Հայաստանի և ողջ հայության կողմից, իհարկե առաջին հերթին Հայաստանի կողմից պետք է արժանանա շատ կոշտ պատասխանի։ Որովհետև, ըստ էության, Չավուշօղլուն ցեղասպանությունը վերհիշելու հայտարարություն է անում:Այն ծանրագույն հանցագործությունը, որը որ իրականացրել է Օսմանյան կայսրությունը՝ Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ ժամանակակից Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և փաստորեն սպառնում է Հայաստանին, որ կկրկնի այդ ցեղասպան քաղաքականությունը։ Սա անընդունելի է և սա դուրս է ամեն տեսակի քաղաքավարության և միջազգային նորմերից և պետք է խստագույնս դատապարտվի ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային հասարակական կարծիքի, միջազգային հասարակությունների կողմից։

— Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման հետ մեկտեղ տարածաշրջանում Թուրքիաի ներգրավվածությունը ընդլայնվել է, Ռուսաստանն էլ բացահայտ ցույց է տալիս, որ Թուրքիան իր կարևոր դերը ունի ԼՂ հակամարտության կարգավորման և տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ։ Կա արդյոք մի սահման, որը հատելուց հետո կարող են սրվել ռուս-թուրքական հարաբերությունները և Ռուսաստանը այդ ժամանակ արդյոք կարող է նվազեցնել Թուրքիայի ներգրավվածությունը։

— Իհարկե, ռուս-թուրքական ներկայիս համագործակցությունը, որ ոչ միայն մեր տարածաշրջանում, այսինքն Հարավային Կովկասում է, երևում, այլ նաև այլ տարածաշրջաններում է։ Դա իմ խորին համոզմամբ կրում է տակտիկական, մարտավարական բնույթ, այլ ոչ թե ռազմավարական ու ստրատեգիական։ Եվ սա նշանակում է, որ երկու երկրների շահերը ռազմավարական ու ստրատեգիական առումով ոչ միայն չեն համընկնում ,այլև շատ դեպքերում նաև իրար հակադիր են։ Մասնավորապես, նաև մեր տարածաշրջանում։ Այնպես որ ես կարծում եմ, որ այս մերձեցումը, որ հիմա մենք նկատում ենք ռուս-թուրքական հարաբերություններում դա ժամանակավոր բնույթ է կրում։ Եվ չի բացառվում, որ հետագայում այս հարաբերությունները ավելի սուր բնույթ ստանան։ Վերջ ի վերջո չպետք է մոռանանք, որ այս երկու երկրներն էլ կարևոր նշանակություն են տալիս հարավային Կովկասին։ Եվ եթե հիմա Ռուսաստանը հարավային Կովկասը հիմնականում պահում է իր ազդեցության տակ, ապա Թուրքիան հակառակը՝ փորձում է Հարավային Կովկասը վերցնի իր ազդեցության տակ։ Եվ այս առումով Ռուսաստանը որոշակի զիջում արեց, Թուրքիային հնարավորություն տալով մասնակցել ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին։ Տարածաշրջանում այս ներկա փուլը պետք է այսպես դիտարկել։ Եվ ես կարծում եմ, որ ինչպես Ռուսաստանից են հայտարարում, սա տակտիկական բնույթ ունի։ Իսկ ինչ վերաբերում է Մեդվեդևի խորհրդին, որ Հայաստանը քննարկի Արցախի ստատուսը Թուրքիայի հետ, ապա ես կարծում եմ, որ ոչ մի իմաստ չունի դա, որովհետև Թուրքիայի մոտեցումը մեզ պարզ է։ Եվ ես Թուրքիայի հետ քննարկելու ոչ մի բան չեմ տեսնում, կարծում եմ, և համոզված եմ, որ Արցախի ստատուսը պետք է քննարկվի և որոշվի Մինսկի խմբի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, որոնք միջնորդական բնույթ ունեն։ Իսկ Թուրքիան այդ ձևաչափում գոյություն չունի այդ պատճառով Թուրքիայի հետ բանակցելը ոչ մի իմաստ չունի։

— Ամեն դեպքում, եթե մենք ականատես լինենք ռուս-թուրքական հարաբերությունների սրման, այդ դեպքում Հայաստանը ինչ կարող է շահել։

— Հայաստանը ոչ թե պետք է շահի, այլ Հայաստանը պետք է իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ կատարի։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, շատ կարևոր ռազմավարական դաշնակիցն է և մենք պետք է հետևենք մեր դաշնակցային պարտավորություններին Ռուսաստանի նկատմամբ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular