ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյունավտանգ հասարակություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կասկածից վեր է այն պնդումը, որ այսօր Հայաստանում կա ատելության, չարության ու մաղձի՝ թույլատրելիից մեծ չափաբաժին։ Այն որևէ տեղ արձանագրված ու արտահայտված չէ, բայց վստահաբար կա ինչ-որ տեղ օդում, հանրային գիտակցության ու ենթագիտակցության տիրույթում։ Ակնհայտ է, որ դա ատելության ու չարության օբյեկտիվ չափաբաժին է, որովհետև հասարակությունը, որն ընդամենը երկու ամսում տվել է ավելի քան 5000 զոհ ու հանձնել է 10 հազար քառակուսի մետր տարածք, չի կարող ատելությամբ լցված չլինել։ Հատկապես ու հաստատապես այն դեպքում, երբ առնվազն հանրային գիտակցության մեջ տեղի ունեցածի հիմնական մեղավոր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն օր հիշեցնում է իր գոյության՝ դրանով՝ նահատակների ու հայրենիքի զգալի մասի չգոյության մասին։ Այդ ատելությունն ու չարությունն անխուսափելիորեն պետք է պարպվի, քանի որ դրա գոյությունը նման է լիցքավորված ատրճանակի, որն ամեն պահի կարող է կրակել։ Պարպման ամենաարդյունավետ տարբերակը, իհարկե, կլիներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրանով անմիջականորեն կորուստ ունեցած մարդիկ գոնե հոգեկան մխիթարություն կապրեին։ Բայց դա տեղի չունեցավ՝ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի և մարդկային ու քաղաքական բարոյականության միջև առկա անհաղթահարելի խոչընդոտի, մյուս կողմից՝ նրան հեռացնել փորձող ընդդիմադիրների պատճառով։

Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իշխել, նրան հեռացնել փորձողները շարունակում են մտածել հեռացման անպտուղ ճանապարհների մասին, իսկ հասարակության մեջ առկա ատելությունն ու չարությունը շարունակում է պահպանվել, պահպանվելով՝ այն ոչ թե նվազում, այլ ավելանում կամ բազմապատկվում է, քանի որ այդպիսին է անձնային ու հասարակական հոգեբանության տրամաբանությունը։ Ըստ էության, քանի դեռ այս խնդիրը չի լուծվում, Հայաստանը շարունակում է ապրել ատելությամբ ականապատված մթնոլորտում, որում ամեն պահի կարող են փոքր ու մեծ պայթյուններ արձանագրվել։ Միանշանակ ատելությամբ լցված հասարակությունները խիստ վտանգավոր են, քանի որ ատելությունն ու չարությունը ոչ թե ստեղծարար, արարող, այլ կազմաքանդող ու քայքայիչ հատկանիշ է։ Ատող հասարակությունը չի կարող երկիր շենացնել առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ատելության հիմնական հասցեատերերն են զբաղված երկրի շենացման, իսկ իրականում՝ կազմաքանդման գործով։

Երկրում ստեղծված խորը քաղաքական ու հոգեբանական ճգնաժամը որևէ հանգուցալուծում չի ստանում, չեն երևում անգամ հանգուցալուծման աղոտ հեռանկարներ։ Իշխանությանը դա ընդհանրապես չի հետաքրքրում, քանի որ այն զբաղված է ոչ թե հանրության հաշտեցման իր առաքելությամբ, այլ սոսկ իշխանության պահպանման ուղիների որոնմամբ։ Գուցե դա Նիկոլ Փաշինյանին ի վերջո հաջողվի, և նա կարողանա սովորության համաձայն՝ մանիպուլյացնելով հասարակությանը՝ վերարտադրվել արտահերթ կամ ոչ արտահերթ ընտրությամբ։ Բայց դրանով երկրում խորն արմատներ գցած ատելության մթնոլորտն ավելի է շիկանալու և օրերից մի օր պայթելու է՝ արդեն ոչ քաղաքական դրսևորումներով։ Ամփոփելով փաստենք, որ ճակատագրի հեգնանքով, իսկ գուցե՝ որպես օրինաչափություն, ատելության ու չարության այս մթնոլորտը ստեղծվել է նրա շնորհիվ ու պատճառով, ով իշխանության է եկել «սիրո ու հանդուրժողականության» կարգախոսով։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular