Ալիևն ադրբեջանցիներին կոչ է արել առայժմ զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է երկրի քաղաքացիներին` կոչ անելով դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը: Այս մասին գրում է minval.az կայքը:
«Ցավոք, պատերազմից հետո և վերջին օրերին այնտեղ տեղի են ունենում դժբախտ պատահարներ: Ես ուզում եմ դիմել Ադրբեջանի քաղաքացիներին, խնդրում եմ նրանց առանց թույլտվության չայցելել այնտեղ, քանի որ դա վտանգավոր է»,- ասել է Ալիևը Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովի հետ հանդիպման ժամանակ:
Ալիևը նաև կոչ է արել հսկիչ-անցագրային կետերի աշխատակիցներին ուժեղացնել հսկողությունը դիտակետերում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։