«18 տարեկան թուլեքը թուրքից դաժան են եղել…». կուրսանտ Հայկազի սպանությունից հետո ռազմական ինստիտուտի սպաները մանրամասներ են պատմել հորը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ1in.am-ը գրում է.
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական քննությունը:
Կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…
Ամբաստանյալների շարքից առանձին է նստում նաև արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, նա մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:
Դատարանը հարցաքննեց գործով վերջին տուժող կուրսանտին՝ Հարություն Ալեքսանյանին:
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարությունի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար: Այդ միջադեպը տեղի է ունեցել Հայկազի սպանությունից երեք օր առաջ՝ 2015 թվականի հունվարի 25-ին:
Հարությունն ասաց, որ այդ դեպքի հետ կապված՝ վատացել են իր հարաբերությունները Վաչեի ու Մովսեսի հետ:
Հարությունին ծեծել են երեքով: Երրորդը եղել է կուրսանտ Սամվել Սերոբյանը՝ Հարությունի համաքաղաքացին: Երկուսն էլ գյումրեցի են:
Ըստ Հարությունի՝ ռազմական ինստիտուտում կիրակին «բաց դռների օր» էր: Հերթական կիրակի օրը Գյումրիից ծանոթ տղաներ են եկել ինստիտուտ, որոնցից մեկը կուրսանտ Սամվելին վատ բնութագիր է տվել՝ ասելով, թե քաղաքացիական կյանքում նա իրեն ճիշտ չի դրսևորել:
Հարությունը այս խոսակցության մասին տեղյակ է պահել Վաչե Սահակյանին՝ նկատի ունենալով, որ վերջինս մտերիմ է Սամվելի հետ: «Ուզում էի պարզաբանում կատարվեր»,- ասաց տուժողը:
Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը պարզաբանումը կատարելու համար նպատակահարմար են համարել, որ ինստիտուտ կանչվի այն տղան, ով Սամվելի մասին վատ բաներ էր ասել:
Տղային կանչել են, նա ներկայացել է, բայց իր խոսքից «հետ է կայնել»: «Տուժեցի ես»,- ասաց Հարությունը, որովհետև Վաչեն, Մովսեսը և Սամվելը ծեծել են նրան, քանի որ նրա ասածները, փաստորեն, չեն հաստատվել:
Սկզբում ննջարանում «քաշքշոցի» է եղել, հետո սկսել են հարվածներ հասցնել, կռիվը տեղափոխվել է միջանցք: Մարտկոցի կուրսանտները միջամտել ու դադարեցրել են կռիվը:
Հարությունն ասաց, թե երեքով բռունցքներով հարվածել են իր աչքի շրջանին, ինչից աչքի տակը կարմրել էր: Մարմնի այլ մասերին էլ են հարվածել, բայց ուրիշ վնասվածքներ չի ստացել: Ամբողջ գիշեր թրջոց է դրել աչքին, որ կապտուկ չառաջանա: Առավոտյան կարմրությունն անցել է: Հարությունը սպաներին չի զեկուցել իր նկատմամբ բռնության գործադրման մասին. «Մտածում էի՝ մեր մեջ լուծվի, հարթվի… Չհարթվեց… Երեք օր հետո սպանություն եղավ…»:
Հարությունը մտաբերեց, որ երբ հայտնաբերել են Հայկազ Բարսեղյանի մարմինը՝ պտտաձողից կախված, որոշ ժամանակ անց իրեն է մոտեցել Նորիկ Սահակյանը ու ասել է, թե ինքը մինչև գիշերվա ժամը 2-ը արթուն է եղել, բայց ոչ մի բան չի նկատել: Ըստ Հարությունի՝ Նորիկը եղել է խառնված, նա ձեռքերը բռունցք էր արել ու թափահարում էր խոսելիս:
Հարությունը հետո վերլուծել ու հասկացել է, որ Նորիկը ուզում էր ասել, թե գիշերվա ժամը երկուսից հետո է կատարվել ամեն բան, և ինքը կապ չունի կատարվածի հետ:
Ըստ Հարությունի՝ Հայկազի մարմինը գտնելուց հետո բոլորը վախեցած էին: Ինքն առանձնապես ուշադրություն չի դարձրել կոնկրետ անձանց վարքագծին, մտապահել է միայն Նորիկի խոսքերը: Նաև՝ որ 4-րդ կուրսեցի կուրսանտը, ով տեսել էր Հայկազին կախված, լաց էր լինում…
Հարությունն ասաց, որ հունվարի 24-ին Վաչե Սահակյանի ծնունդն էր: Մովսես Ազարյանը կուրսանտներից 500-ական դրամ է հավաքել ու Վաչեի համար նվեր ժամացույց է գնել: 40 կուրսանտներից հավաքվել է ընդհանուրը՝ 20 հազար դրամ: Ուրիշ կուրսանտների ծննդյան օրը նշելու համար իրենք գումար չեն հավաքել:
Հնարավոր է, որ կային կուրսանտներ, ովքեր չէին ցանկանում գումար տալ, բայց չէին ուզում Մովսեսի հետ հարաբերությունները փչացնել, մտածում էին՝ նա էլ Վաչեին կասի, իրենց կծեծեն, «հավայի հարցի մեջ ընկնելուց էին վախենում»:
Կուրսանտ Թելման Մխիթարյանը, ով դեպքի գիշեր հերթապահ է եղել, Հարությունին պատմել է, որ գիշերը Հայկազը մտել է «կապտյորկա», դուրս է եկել, ծխախոտ է խնդրել: Թելմանը հարցրել է՝ դու չես ծխում, ինչո՞ւ ես ծխախոտ ուզում: Հայկազը պատասխանել է, թե նյարդայնացած է: Նա, իրոք, եղել է «ահավոր ճնշված վիճակում»:
Այդ օրը՝ ցերեկով, միջադեպ էր եղել Հայկազի ու Կարեն Բաղրամյանի միջև: Հայկազը Կարենին արթնացրել է, որ նա գնա մյուսների հետ ֆիլմ նայելու, Կարենը կոպիտ է խոսել, տղաները վիճել են: Միջամտել է Վաչեն: Բանն ավարտվել է նրանով, որ երեկոյան Հայկազի հետ «խոսել են» քառյակի տղաներն ու ևս մի քանի հոգի, ովքեր մասնակցում էին ուշ երեկոյան Վաչեի ծնունդը նշելու խնջույքին:
Ըստ Հարությունի լսած տեղեկությունների՝ Հայկազը շատ վրդովված է դուրս եկել այն սենյակից, որտեղ նրա հետ «խոսել էին»: Հայկազը հայհոյանք էր տվել Վաչեի հասցեին: Նա, ով լսել էր հայհոյանքը, այդ մասին անմիջապես իրազեկել էր Վաչեին:
Չորս տղաները, ըստ Հարությունի իմացության, խնջույքից ժամանակ ալկոհոլ օգտագործելուց հետո գնացել էին Հայկազի ննջարան ու անկողնու մեջ սպանել էին նրան, ապա մարմինը տարել ու կախել էին պտտաձողից:
Հարությունի իմանալով՝ Նորիկ Սահակյանն էր Հայկազի ձեռագրին նմանակելով՝ Հայկազի անունից գրություն թողել, իբր՝ ինքնասպանություն է գործում… Հիմնականում մեկն է սպանել, իսկ մյուսները բռնել են Հայկազի ձեռքերն ու ոտքերը, խափանել են նրա դիմադրությունը:
Ամենասարսափելին այն էր, որ Հարությունի իմանալով՝ այն պահին, երբ համար 408 ննջարանում, անկողնու մեջ սպանում էին Հայկազին, ննջարանում գտնվող մյուս կուրսանտները արթուն են եղել, բայց ոչ մեկը ռիսկ չի արել գլուխը բարձրացնել ու ձայն հանել: Վախից՝ քնած են ձևացել… Եվ խոսակցություն է գնացել, թե սպանողները հայհոյանք են դրել նրա վրա, ով կատարվածի մասին կհամարձակվի բարձրաձայնել…
Հարությունը իր խոսքում միանգամայն հաստատուն կերպով չորս ամբաստանյալներին անվանում էր Հայկազին «սպանողներ»:
Նա ասաց, թե իրեն քննիչն է ներկայացրել, թե ինչպես են սպանել Հայկազին: Բայց ամենասկզբում ինքը այդ մասին լսել է կապիտան Զարաֆյանից:
Սպանության օրվա երեկոյան՝ ժամը 22-ի սահմաններում, Հարությունը զեկուցել է, որ դասակում միայն 12 կուրսանտ են, 4 հոգին բացակայում են, նրանց տարել էին ռազմական ոստիկանություն: Կապիտանն ասել է՝ ձեր դասակը 12 հոգով էլ կմնա, որովհետև ինքնասպանություն չի եղել, այլ սպանություն, ում տարել են՝ էնտեղ էլ կմնան, նրանք են արել…
Փետրվարի տասից հետո այդ մասին Հարությունը լսել է նաև քննիչից:
Իրենք՝ կուրսանտներով, նույնպես խոսել ու քննարկել են՝ մտածելով, որ բռնված չորս հոգին են սպանել Հայկազին:
Ըստ Հարությունի լսածի՝ սպանության օրը, երբ նոր էր հայտնաբերվել Հայկազի մարմինը, Գնել Թևոսյանը կուրսանտներից մեկին պատվիրել է իր պայուսակում եղած դանակը վերցնել, տանել ու դնել իր հայրիկի մեքենայի «բարդաչոկի» մեջ: Կուրսանտը տարել, թե չի տարել դանակը, Հարությունը չգիտեր:
Դատարանում, ինչպես և նախաքննական ցուցմունքում Հարությունը բնութագրեր տվեց չորս ամբաստանյալներին:
Ըստ այդ բնութագրի՝ Գնել Թևոսյանը «վեր-վեր էր թռնում հորով», մյուս կուրսանտներից տարբերվում էր, նա շաբաթ-կիրակի տանն էր անցկացնում, կարող էր տուն գնալ նաև ցանկացած օր, ամեն գիշեր. «Ով էդպիսի հայրիկ ունենար, երևի կօգտվեր»:
Նախաքննական ցուցմունքում Գնելի մասին Հարությունն ասել էր. «Երեսառած է, իրեն մյուսներից բարձր դասող…»:
Վաչե Սահակյանին Հարությունը բնութագրել է որպես «նորմալ տղա», ումից վատ բան չի տեսել, միայն իրեն ծեծի ենթարկելու պահից է վատացել իր վերաբերմունքը նրա նկատմամբ:
Նորիկ Սահակյանը նույնպես հիմնականում դրական է բնութագրվել, նա սպորտով էր զբաղվում, հիմնականում լինում էր Գնելի հետ:
Բացասական էր հատկապես Մովսես Ազարյանի բնութագիրը. «Միշտ կռվում, նեղացնում էր տղաներին: Նրա անիմաստ կատակներից վիրավորվում էին, բայց շատերը չէին պատասխանում, վախենում էին… Մովսեսն օգտվում էր Վաչեի հետ մտերիմ լինելու առիթից, ճնշում էր մարտկոցի տղաներին… Նա Վաչեի հովանու ներքո ապրում էր… Նրանք չորսով իրենց տարբերում էին մյուսներից… Կարող ա մեկը սխալ աներ կամ, ասենք, ուշանար, վատ ձևով էին վարվում՝ ծեծում էին կամ հայհոյում…»:
Հայկազ Բարսեղյանին Հարությունը բնութագրել է որպես լավ սովորող, սրտաբաց տղայի: Նա օգնում էր մյուսներին, օրինակ՝ մի անգամ օգնել է, որ ինքը ուղղի վատ գնահատականը: Հայկազի լուսանկարը փակցված էր ինստիտուտի պատին… «Նա սպա դառնալու համար էր եկել ինստիտուտ… Ղարաբաղում էլ էր ծառայել… Ինքնասպանություն գործելու պատճառ չուներ, ես նրան շատ ընկճված երբեք չեմ տեսել… Նա շատ էր սիրում կյանքը…»:
Հարությունը նշեց, թե քննիչն իրեն հեռախոսով նկարված լուսանկարներ է ցույց տվել՝ չորս ամբաստանյալները ու նրանց հետ Վաչեի ծնունդը նշողներն էին ՝ սպանության գիշերը լուսանկարված: Քննիչից նա լսել է, թե ուսապարկերից մեկի միջից անգամ օղու շշեր են գտել…
Հարություն Ալեքսանյանն ասաց, թե բողոքում է իրեն ծեծի ենթարկած Վաչեի ու Մովսեսի դեմ, ցանկանում է, որ նրանք այդ արարքի համար ևս քրեական պատասխանատվության ենթարկվեն: Երրորդ ծեծողի՝ Սամվելի մասին Հարությունն ասաց, թե իրենք նույն քաղաքից՝ Գյումրիից են, ինքը Սամվելին մանկապարտեզից է ճանաչում, գիտի նրա ծնողներին, գիտի նաև, որ նա գիտակցել է իր սխալը, դրա համար նրա դեմ բողոք չունի: Վաչեի ու Մովսեսի հետ չի խոսել, չի ճշտել՝ նրանք գիտակցել են իրենց սխալը, թե ոչ: Հարությունը շեշտեց. «Եթե գիտակցած լինեին, մի քանի օր հետո սպանություն չէին գործի…»:
Հարությունի ցուցմունքի ընթացքում տեղից խոսեց ամբաստանյալ Մովսես Ազարյանը: Դատարանը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ հեռացրեց դատարանի դահլիճից, քանի որ անցած նիստին նույն արարքի համար Մովսեսն արդեն նախազգուշացվել էր:
Դատարանը այս նիստին ևս սանկցիա կիրառեց Նորիկ Սահակյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի նկատմամբ, ով տուժողին հարցեր տալիս կոպիտ արտահայտվեց՝ օգտագործելով «հավայի բաներ եք ասում» արտահայտությունը, ապա, նախագահողի նախազգուշացումից հետո հեգնանքով շարունակեց հարցը: Նախագահողը սանկցիա կիրառեց ու նախազգուշացրեց. «Կամ վիրավորում եք կամ հեգնում»:
Դատարանն ավարտեց տուժողների հարցաքննությունը և անցավ տուժողի իրավահաջորդի՝ Հայկազ Բարսեղյանի հայրիկի հարցաքննությանը:
Մինչև դեպքը տուժողի իրավահաջորդը ամբաստանյալներին չի ճանաչել:
Դեպքի օրվա առավոտյան, ժամը 9-ն անց 30-ի սահմաններում նրան զանգել են աշխատավայր, ասել են, թե Հայկազը ինստիտուտում կռվել է, նրան շտապ կանչել են ինստիտուտ: Հայրը մեքենայով շտապ մեկնել է ինստիտուտ: Հերթապահ զինվորները խուսափել են նրա հարցերին պատասխանելուց:
Նրան տարել են գեներալ Կարապետյանի սենյակ: Այնտեղ շատ մարդիկ էին հավաքված, այդ թվում՝ պաշտպանության նախարարի տեղակալ Տոնոյանը: Բարսեղյանին ձեռքով բարևել են, նա մտածել է՝ եթե Հայկազն է կռիվ արել, ինչո՞ւ են իր նկատմամբ այդպես վերաբերվում:
Նախարարի տեղակալը նստել է նրա դիմաց, նայել է աչքերի մեջ ու սկսել է հարցեր տալ:
Հայկազը դեպքից օրեր առաջ՝ դեկտեմբերի վերջից մինչև հունվարի 7-ը, արձակուրդում էր՝ տանը: Հորը հարցրել են՝ ինչպիսի՞ն էր Հայկազի տրամադրությունը, արդյոք աղանդավոր չէ՞ Հայկազը, ընկերուհի ունի՞, թե՞ ոչ: Հայրը պատասխանել է, որ Հայկազի տրամադրությունը շատ լավ էր, նա աղանդավոր չէ, սիրած աղջիկ չունի… Ասել է՝ ներկա ժամանակով…
Հայրը սկսել է որդու մասին խոսել՝ ասել է, որ նա կռվարար տղա չէ, ութ ամիս ծառայել է Հադրութում…
Նրան ասել են՝ գիտենք, ապա գեներալը ձեռքը դրել է նրա ուսին ու ասել է՝ քեզ պինդ պահիր, Հայկազը չկա…»: Հայրը նստած տեղը հետ է գնացել, իսկ նրան ուղեկցող տղամարդը, որ նույնիսկ բարեկամ չէր, միայն ճանաչում էր Հայկազին, ուշաթափվել է:
Հորն ասել են, թե Հայկազի մարմինը գտել են կախված, առաջին վարկածն այն է, որ նա ինքնասպանություն է գործել, իսկ մյուս վարկածը դեռ քննվում է, բժիշկները դեռ իրենց խոսքը չեն ասել…
«Ես նույնիսկ չգիտեի, որ Հայկազի նկարը փակցված էր ինստիտուտի պատին…»:
Հորն ասել են, թե ըստ կուրսանտների խոսակցությունների՝ Հայկազը դեպքի գիշերը իր շորերը ցանկացել է բաժանել համածառայողներին: Հայրը վերլուծել ու հասկացել է, որ նման լուրեր տարածել են նրանք, ում «ձեռքի գործն էր սպանությունը»:
«Հետո իմացանք, որ ոչ թե ինքնասպանություն էր, այլ՝ սպանություն… Մեզ ասացին, որ Հայկազին սկզբում խեղդել են, հետո կախել են պտտաձողից…»:
«Հայկազը 15 տարեկանից իր ուզելով գնացել է ռազմական վարժարան, գերազանց ավարտել է, նա զինվորական էր ուզում դառնալ, սպա, նա երբեք չի գանգատվել, ոչ մի առիթից չի օգտվել՝ ուրիշների նման, չնայած նման առիթներ կային… Հայկազը պինդ տղա էր, նա սպորտով պարապում էր, նա անպայման պատասխան կտար, քանի որ ուժեղ մարդ էր, ուժեղ մարդը ինքնասպանություն չի գործում: Պատճառը հենց նրա ուժեղ լինելն էր, որ դաժան սպանության հանգեցրեց… Երբ արձակուրդի օրերին տանն էր, համակարգչի առաջ նստում, զինվորական տեխնիկա էր ուսումնասիրում: Նա ուզում էր հետախուզական կամ հրետանային գործով զբաղվել: Սկզբում ուզում էր ավիացիոն գծով գնալ, օդաչու դառնալ կամ զենքի կատարելագործմամբ զբաղվել…
Նա ասում էր՝ լավ գիտելիքներով մարդը պիտի սահմանի մոտ ծառայի… Ես չեմ հերոսացնում իմ տղային, նա էդպիսին էր իրականում… Երբ արձակուրդում էր, նրա համար քաղաքացիական շորեր գնեցինք, բայց կոշիկների ու հեռախոսի համար գումարը չբավարարեց, ասի՝ դրանք էլ փետրվարին կառնենք, համաձայնեց… Նա չէր թողնում, որ մոտը գնայինք կամ զանգեինք: Ինքն էր զանգում, եթե անհրաժեշտ էր լինում…»:
Երբ նախագահողը հարցրեց Հայկազի օգտագործած հեռախոսահամարը, հայրն ասաց, թե չի հիշում, բայց համարը կա իր հեռախոսի մեջ, ինքը հիմա էլ զանգում է որդու համարին ու լսում է՝ համարն անջատված է. «Ինձ ճիշտ հասկացեք»,- ասաց որդեկուրույս հայրը՝ չգիտես ինչու արդարանալով, որ մինչև հիմա հավաքում է սպանված որդու հեռախոսի համարը…
Հայրն ասաց, թե ինքը խոսել է ինստիտուտի սպաների հետ, նրանք ասել են. «18 տարեկան թուլեքը թուրքից դաժան են եղել…»:
Տուժողի իրավահաջորդին քննիչն ասել է, թե ռազմական ինստիտուտի աղբը թափող վարորդին է գտել, իմացել է, թե որտեղ է թափվել ինստիտուտի աղբը, այդ աղբի միջից գտել է չորս զինվորական մայկա՝ ինչ-որ հետքերով: Մտածել են՝ արյան հետքեր են: Տուժողի իրավահաջորդն այդ մայկաները տեսել է քննչականի բակում՝ փռել էին, որ չորանան: Հետո ասել են, թե մայկաները պարզապես հնամաշ են եղել, դրանց վրա արյան հետքեր չեն եղել, դրանք կապ չեն ունեցել այս գործի հետ: Տուժողի իրավահաջորդին մի բան էր մտատանջում՝ ինչո՞ւ էին մայկաները հենց չորս հատ…
Քննիչը տուժողի իրավահաջորդին ցույց է տվել սպանության գիշերը չորս ամբաստանյալների մասնակցությամբ եղած «կերուխումի» լուսանկարներ, որոնք արվել էին խնջույքի այլ մասնակիցների կողմից, բայց հետո թե ինչ են եղել այդ լուսանկարները, Հայկազի հայրը չգիտի, նա քրեական գործին ծանոթանալիս հատուկ չի նայել ոչ մի լուսանկար, քանի որ անկարող է եղել սպանված Հայկազի լուսանկարներին նայել…
Տուժողի իրավահաջորդը հայտնեց, որ գոհ է կատարված նախաքննությունից. «Տասը ամիս նախաքննությունը շարունակվում էր: Քննիչն ինձ ասաց, թե դժվար գործ է, կարող է մեկն անմեղ լինել, պետք է մանրակրկիտ քննվի…
Ես չեմ ուզում, որ որևէ անմեղ մարդ տուժի: Եթե հանկարծ պարզվի, որ ամբաստանյալներն անմեղ են, ես նրանցից նույնիսկ ներողություն կխնդրեմ, բայց եթե պարզվի, որ մեղավոր են…»:
Հաջորդ դատական նիստից դատարանը կսկսի վկաների հարցաքննությունը: