Նիկոլը նոր հրահանգ է իջացրել «ուսապարկերի» խմբակցությանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերջերս շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ուժով ու շանտաժով է իր կողքը պահում իր թիմակիցներին։ Ինչպես սիրում է ասել Փաշինյանը՝ ըստ օդում կախված լուրերի վարչապետը գրեթե բոլորի վրա կոմպրոմատ ունի, ու այդպիսով պատգամավորներին ստիպում է խելոք անել այն, ինչ իրեն պետք է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանին մինչև հիմա հաջողվում է կոլեկտիվ հանցագործության մեջ ներքաշած պահել Իմ քայլի գրեթե բոլոր պատգամավորներին։ Իսկ կոլեկտիվ հանցագործություններ, կարծես թե, իշխանությունները քանիցս գործել են՝ ԱԺ ու դատարանների շրջափակումը, Սահմանադրական դատարանի անդամներին պաշտոններից հեռացնելը, ամեն ամիս պարգևավճարներ ստանալը, վերջապես պատերազմում կրած պարտության մութ պատճառները և այլն։
Իմ քայլի բազմաթիվ պատգամավորներ հասկանում են, որ ինչքան քիչ իրենք հրապարակային խոսեն, այնքան լավ։ Բայց կան պատգամավորներ, որոնք ոչ մի կերպ չեն դադարում հանրային պարսավանքի առարկա մնալուց։ Մենք նրանց արդեն մարտնչող տգիտության դասսական ներկայացուցիչներ ենք անվանում։ Մեկ մարդու շուրջ, մեկ մարդու սպասարկման համար ընտրված հնազանդ ուսապարկերն, ըստ էության, Փաշինյանի խամաճիկներն են, կնոպկա սեղմողները: Ընդամենը։ Նրանք պատերազմից հետո շանս ունեին և ունեն մաքրվել, առանձնանալ Նիկոլ Փաշինյանից՝ ցույց տալով, որ իրենք մասնակիցը չեն, չեն կիսում տեղի ունեցած հանցագործության պատասխանատվությունը: Սակայն, ինչպես տեսնում ենք, սրանց բերաններն արդեն հնարավոր չէ փակել, քանի որ Նիկոլը հրահանգել է նոր եռանդով մեծարել իրեն ու արդարացնել իր քայլերը։ Բայց մենք դիտարկենք որոշների սրացումները, որոնք զավեշտալի են, ողբերգական իրենց բովանդակության առումով։
Այսպիսով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երբեմնի դերասան Արթուր Մանուկյանն իր հարցազրույցում, օրինակ, ասում է, որ եթե իրենք հեռանան, ապա պետությունը կքանդվի: Հավանաբար այս քայլիստը պետությունը շփոթել է Նիկոլի, Մակունցի կամ Մխիթարի հետ: Մյուսն էլ թե. «Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաև փաստարկներ ներկայացնել, այլ հարց է, թե իմ միտքն ինչքանով ընդունելի կլինի հանրության համար»։ Երևի՞ գուշակեցիք, այս հանճարեղ մտքի հեղինակը Հովիկ Աղազարյանն է: Երրորդն էլ քաղաքական մտքի հետամնաց Արփի Դավոյանն է, ով ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է ասում: Խոսելով Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու լուրերի մասին՝ Դավոյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես թերագնահատել էր դեսպանների աշխատանքը՝ ասելով, թե լավ չեն աշխատում, դիվանագիտական փորձ չունեն, և արդյո՞ք այս նշանակմամբ վարչապետը չի հակասում կադրային քաղաքականության՝ իր նախկինում արված հայտարարություններին, պատասխանում է․ «Իմ կարծիքով՝ երբ դեսպանը երկար է պաշտոնավարում և կապեր է հաստատում, իհարկե ավելի ծանրակշիռ է դառնում»,- ապա շարունակում, թե նոր որոշում ընդունելը ճիշտ է, գուցե, կան խնդիրներ, հարցեր, որոնք այս որոշմամբ կլուծվեն։ Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների։
Փաստ է՝ մենք ազգովի հայտնվել ենք տհաճ ճահճահոտ ունեցող մեծ փոսի մեջ։ Այլ կերպ ասած ամեն օր ավելի ու ավելի ենք խրվում ճահճի մեջ։ Եթե ժամանակ առ ժամանակ թունելի վերջում ինչ-որ լույս է երևում, ապա դա արագ մարում են այս մարտնչող տգիտության քաղաքական մարմնացումները։ Ի դեպ, նախկինում նույնպես կային նման պատգամավերներ, պարզապես նրանք բացառապես կնոպկա էին սեղմում, չէին խառնվում քաղաքական գործընթացներին, հարցազրույցներ գրեթե չէին տալիս, բայց քայլածների իշխանությունը բոլոր ռեկորդները գերազանցել է՝ ափսոս մեր՝ բարեկեցիկ ու անվտանգ երկրում ապրելու հաշվին։
Կարեն Դանիելյան