ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քվազիիդոժողովրդավարություն թե՞ շարքային մանիպուլյացիա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարբեր առիթներով շատ է խոսվել կոռուպցիայի՝ պետական չարիք լինելու մասին․ միանշանակ քաղաքական կոռուպցիայի տարատեսակ է որևէ անձի պետական որևէ պաշտոնում նշանակելու համար երկրի խորհրդարանի կողմից օրենսդրական դրույթ փոփոխելը: Ենթադրենք, առկա է «տարիքային ցենզ» հասկացությունը, իսկ իշխանությանն անհրաժեշտ է, որպեսզի մի որևէ մեկը, ասենք, նշանակվի պետական վերին ատյանի անդամ: Իշխանությունն անմիջապես համապատասխան օրենքում փոխում է տարիքային շեմը, և տվյալ սահմանափակումը վերացվում է: Իշխանությունը կարող է ընդհանրապես բանի տեղ չդնել այդ սահմանափակումը՝ դիմելով բառային կամ օրենսդրական մանիպուլյացիաների, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է: Օրենքի փոփոխությունը կատարվում է այն դեպքում, երբ իշխանությունը ստիպված է լինում արտաքնապես պահպանել հենց իր կողմից հաստատված խաղի կանոնները: Դա չի նշանակում, իհարկե, որ «ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակված երկրում օրենք պահպանելը պարտադիր պայման է:

Ի դեպ, նույն բնույթի քաղաքական կոռուպցիա է այն երևույթը, երբ օրենք է փոփոխվում պետական որևէ բարձրաստիճան այրի պաշտոնանկ անելու համար, իսկ ինքը պաշտպանված է օրենքով: Ենթադրենք, ոմն մեկը ինչ-ինչ պատճառներով դադարում է «հեղափոխական» իշխանության վստահությունը վայելելուց, և իշխանությունը ստիպված գնում է նույնիսկ Սահմանադրություն խախտելու ճանապարհով, որպեսզի իրականացնի իր ցանկությունը: Դա հատկապես կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ մյուս միջոցները, օրինակ, քրեական գործ թխելը, օգուտ չեն տալիս: Հանուն ինչ-որ մեկից ազատվելու «ժողովրդի իշխանության» երկրում օրենք փոփոխելու համար Սահմանադրություն խախտելը սովորաբար չի ողջունվում, բայց ներելի է, երբ այդ իշխանության կրողը կամ կրողները վայելում են նույն այդ ժողովրդի ակտիվ կամ պասիվ աջակցությունը: Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ մակարդակի քաղաքական կոռուպցիա է, երբ անհրաժեշտություն է առաջանում երկրի Սահմանադրությունը փոփոխել անձնապես գործադիր իշխանության ղեկավարի համար:

Դիցուք, նա ցանկանում է արտահերթ ընտրություններ կազմակերպել, սակայն առկա է վտանգ, որ տվյալ երկրի սահմանադրական կարգավորումների պատճառով ինքը չի մնա որպես ժամանակավոր ղեկավար: Եվ ինչ է պետք անել տվյալ դեպքում՝ իհարկե, փոխել սահմանադրական կարգավորումները՝ նշված պաշտոնում իր մնալն ապահովելու համար: Դա էլ, բնականաբար, չի ողջունվում, սակայն ինչեր ասես որ չեն անի, որպեսզի պաշտոնին մնա այն անձը, ով դեռևս չի ավարտել սեփական երկիրը քայքայելու «առաքելությունը»: Ավելի կոնկրետ լինելու համար նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ պատճառներով ցանկանում է հնարավորինս արագ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ, սակայն դրա համար անհրաժեշտ է նախապես այն լուծարել: Իսկ որպեսզի ԱԺ լուծարվի Նիկոլը պետք է պաշտոնապես հրաժարական ներկայացնի, և միաժամանակ ԱԺ-ն չընտրի մեկ այլ վարչապետ:

Սակայն, քանի որ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ եթե դա տեղի ունենա, ապա ինքն առաջադրվելու է վարչապետի պաշտոնում, ինչի իրավունքն ու հնարավորությունն ինքն ունի, իսկ դա խիստ վտանգավոր է իր աթոռից կառչած Նիկոլի համար, և վերջինս էլ փորձում է Սահմանադրություն փոխել, որպեսզի նման հնարավորությունից զրկի իր ենթադրյալ մրցակցին: Այս երևույթը, իհարկե, քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսևորում է, ինչպես նաև հակաժողովրդավարական է, սակայն այսօր ո՞վ է նայում նման թիթիզ բաների՝ ո՛չ ժողովրդավարական Արևմուտքը և ո՛չ էլ ժողովրդավարության ջատագով կամ հակակոռուպցիոն պայքարի մարտիկները՝ ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ դրամաշնորհներ են ստացել Արևմուտքից, որպեսզի սեփական երկրում հաստատեն կոռուպցիայից զերծ և ժողովրդավարական կարգեր:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular