ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականության մտածված նենգափոխման հետքերով-3

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաստացի, կյանքը ցույց է տալիս, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշ, տնտեսական աճ, բնակչության եկամուտների ավելացում, միջին աշխատավարձի բարձրացում, աշխատատեղերի ստեղծում, վերջապես՝ պետության արտաքին և երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովում, ահա այդ ամենը ավելորդ ու անիմաստ, «պողոսերենով» ասած՝ ստից բաներ են: Իհարկե, կյանքն ապացուցում է, որ ծայրահեղ միամիտ են բոլոր այն պետական գործիչներն ու ղեկավարները, որոնք իրենց պաշտոնավարման շրջանում ձգտում էին վերոհիշյալ «դիսցիպլինաներում» որոշակի ցուցանիշների հասնել: Անիմաստ չարչարանք: Ընդամենը պետք էր ծայրահեղ ատելություն քարոզել ու հանրությունը խառնամբոխի վերածելով՝ թույն ու մաղձ ներարկել, ու՝ վերջ: Նրանք կմոռանային ամեն ինչ, շարունակաբար կանիծեին անհամեմատ բարեկեցիկ ու ապահով անցյալը, և կօրհնեին, կերկրպագեին, կպաշտեին ու կլպստեին մաղձի ու ատելության «գեներատորին»: Ասում եմ ձեզ՝ կպաշտեին այդօրինակ ապիկարի, չնայած վերջինս իրենց զրկել է Հայրենիքի մի զգալի մասից, պետականությունից, արժանապատվությունից, ֆիզիկական և սոցիալական անվտանգությունից, չնայած խլել է իրենց զավակների կյանքը, խլել է իրենց թոռների՝ սեփական երկրում երբևէ նորմալ ապրելու երազանքն անգամ:

Իսկ մի՞թե հենց դա չէ ահա 2,5, շուտով՝ 3 տարի անում Նիկոլ Փաշինյանը՝ նույնքան աղետաբեր իր մանկլավիկների խառնակույտով: Կոնկրետ՝ 30 տարվա, ավելի ճիշտ՝ «30 տարի բան չեն արել» փաշինյանական թունավոր միֆի: Դրա ճյուղավորումներից մեկն էլ դեպի տնտեսությունն է հակվում: Ահավասիկ, խիստ բարձրաստիճան մեկը, օրերս գրված հոդվածում նշել էր, թե հեքիաթ էր, որ մենք առաջանցիկ տնտեսություն ենք ունեցել: Կանխամտածված նենգախոսություն է, իհարկե: Խիստ հակիրճ՝ Հայաստանը 20-25 տարի, գրեթե քառորդ դար չէր կարող ոչ միայն բանակ ունենալ, այլև որևէ բան չէր կարող ունենալ, եթե հետխորհրդային ու հետպատերազմական ավերակների տակից դուրս չբերեր ու նորովի չձևավորեր այն տնտեսական, արդյունաբերական ու գիտաարտադրական հնարավորությունները, որոնք էլ ապահովում էին տնտեսական աճը:

«30 տարվա» մեջ առնվազն 10 տարի Հայաստանը տնտեսական վերականգնման ու եռուզեռի մեջ է եղել: Այնպես, որ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը բազմապատիկ է աճել: Ասենք, կյանքի որակն ու բնակչության բարեկեցությունն էլ: Բազմապատի՛կ: Բայց դա ո՞ւմ է հետաքրքիր, չէ՞: Կարևորը, որ հիմա, օրինակ, ՀՀ նախագահ հորջորջվող մեկը վեր կենա, ու հիշելով, թե ինչպես ժամանակին իր մոտ չստացվեց կամ իրեն ուղղակիորեն «դուրս հրավիրեցին», սկսի անհեթեթություններ «բլթացնել»՝ «30 տարի բան չի արվել» ծիրին մեջ: Հավելենք, որ նույն կանխամտածված նենգախոսությունը տարածում են նաև պետական կառավարման համակարգի վրա, թե՝ բան չի արվել, ու էլի՝ հիմնական թիրախը «կազմակերպված պետության» գաղափարն է: Շատ կարճ կարելի է հակադարձել, որ ինչ արվել կամ չի արվել, բոլոր սխալներով ու թերություններով հանդերձ, ձևավորվել էր այնպիսի մի համակարգ, որը կարողացավ առնվազն երկուսուկես տարի դիմանալ ու դիմակայել նպատակային քանդարարությանը, Հայաստանի ոչնչացման նպատակ հետապնդող իշխանազավթիչների հետևողական խարխլիչ գործունեությանը, իսկ որոշ օղակներ դեռ մինչ օրս լավ-վատ դիմացել են:

Սրանցը «զրոյական կետն» է: Սրանց՝ առանց «իզմ»-երի «գաղափարախոսությունը» հանգում է այն մոտեցմանը, թե մինչև իրենց իշխանության գալը ամեն ինչ վատ է եղել, առհասարակ, ՈՉԻՆՉ չի եղել, հետո է միայն սկսել ինչ-որ բան լինել: Իրենց որ մնար, Հայաստանի պատմության մեկնարկն էլ 2018-ի մայիսի 8-ից կհաշվեին: Ասենք, այդպես էլ համարում էին: Կամ հիշենք թեկուզ այն հիմար հայտարարությունը, թե նույնիսկ Արցախի ազատամարտում հաղթանակը, ներառյալ՝ Շուշիի ազատագրումը պակաս կարևոր իրադարձություն էր, քան... անլվա-անթրաշների իրենց «թավշյա հեղաշրջումը»: Այո, ազգի, մեր պետության թշնամիների համար, իսկապես էլ «թավշյա հեղաշրջումը» գերկարևոր իրադարձություն էր... Նրանց և նրանց պատվիրատուներին քիչ է թվում այն, որ նրանք ոչնչացրեցին կամ մեծապես զրոյացրեցին 1991-ից ի վեր հայության համատեղ ջանքերով ու զոհողությունների գնով ստեղծածը: Նրանց նաև պետք է հետևողականորեն ջնջե՛լ, զրոյացնել նաև այդ ժամանակահատվածի վերաբերյալ հիշողությունը, տվյալ դեպքում՝ այդ հավաքական հիշողությունը թաղել մաղձի, թույնի ու ատելության թանձր մլարի տակ: Ու հենց այդ նպատակին է ծառայում, այդ նպատակն է հետապնդում «30 տարի բան չեն արել»-ի վերաբերյալ ծայրեծայր կեղծ, ուղեղալվացման տեխնոլոգիայով կիրառվող թունավոր միֆը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular