ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակս աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալն է. Ժորա Համազարյան

ՍՊՈՐՏ

Մրցակիցս շատ ուժեղ էր, ոչ մի պարտություն չուներ և լարված մենամարտ ստացվեց: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ժորա Համազարյանը, ով օրեր առաջ իր 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

Հիշեցնենք, որ Եկատերինբուրգում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում գյումրեցի բռնցքամարտիկը 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ռուսաստանցի Դմիտրի Յունին:

«Մարտը հենց առաջին րոպեից լարված էր ընթանում։ Քանի որ մենամարտը երեկոյի գլխավոր մենամարտն էր՝ բնական էր այդ լարվածությունը։ Մրցակիցս ուժեղ էր, Ռուսաստանի ֆեդերացիայի կողմից 2 անգամ ճանաչվել է լավագույն մարզիկ, չուներ ոչ մի պարտություն և մեզ երկուսիս էլ պետք էր հաղթանակ։ Իսկ նոկաուտը եղավ հարմար պահի՝ դահլիճի հայերի աջակցությունը ևս նպաստեց դրան»-ասաց Համազարյանը։

24-ամյա բռնցքամարտիկի խոսքով բոլոր մրցակիցներն էլ ունեն իրենց առավելությունները և թերությունները և իր վերջին մրցակցին չի կարող առանձնացնել կոնկրետ ինչ-որ բանով։

Համազարյանը վերջին մենամարտին նախապատրաստվել է Գյումրիում, մարզիչներ Գառնիկ Պողոսյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ: Նրա խոսքով, կորոնավիրուսի համավարակը մեծ ազդեցություն թողեց մարզավիճակի վրա, սակայն կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն է ընկնում.
«Կորոնավիրուսը ազդեց ամբողջ աշխարհի վրա, բնականաբար ես էլ անմասն չմնացի։ Ես մարզվում էի ԱՄՆ-ում, վիրուսի պատճառով տեղափոխվեցի Հայաստան, որն էլ իր ազդեցությունն ունեցավ իհարկե մարզավիճակիս վրա, քանի որ երկրում կարանտին էր և չկար ոչ մի բաց մարզադահլիճ, այսինքն մարզումներս անցկացնում էի ինքնուրույն, որն էլ բնականաբար այնքան էլ արդյունավետ չէր։ Հենց դա էլ պատճառներից մեկն էր, որ պարտվեցի նախորդ մենամարտում»,-ասաց Համազարյանը:

Հաղթանակ մենամարտից առաջ Համազարյանը վերջին անգամ ռինգ էր դուրս եկել 2020-ի հոկտեմբերին, որում պարտություն էր կրել: Նրա խոսքով, այդ պարտության մեջ մեծ ազդեցություն ունեցավ նաև պատերազմական վիճակը:

«Նախորդ մենամարտս տեղի ունեցավ հոկտեմբերին։ Այդ ժամանակ Հայաստանում պատերազմ էր և ես ինքս ցանկանում էի մեկնել ռազմաճակատ, կամավորագրվել էի, իմ ընկերների հետ միասին զբաղված էի ռազմաճակատ օգնություն ուղարկելով և այդ հոգեվիճակի պատճառով էլ ես պարտվեցի։
Գյումրեցի բռնցքամարտիկին մենամարտերից առաջ մոտիվացնում է հաղթանակի ձգտումը, իսկ նպատակը մեկն է. «Պրոֆեսիոնալ բռնցքամարտում իմ նպատակն է դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն: Պլանները շատ են, ժամանակը ամեն ինչ ցույց կտա։ Վստահ հաղթանակներով կշարժվենք առաջ»-եզրափակեց Համազարյանը։

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular