ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգակործան իրականություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլորս են դասագրքերում ու պատմիչների մենագրություններում կարդացել, թե ինչպես են կործանվում պետությունները. ցավոք, հիմա այդ ամենը տեսնում ենք: Երբ ժողովուրդը երկատված, բզկտված ու ցաքուցրիվ է սեփական երկրում, իսկ իշխանություններն անկարող են կառավարել, անորոշ ընթացքը որոշակի կայուն հանգրվանի հասցնել: Ո՛չ երկրի իշխանավորներն են տիրապետում ստեղծված իրավիճակին, ո՛չ էլ հասարակությունն է ի վիճակի որևէ կերպ փոխել այդ իրավիճակը և ո՛չ էլ մտավորական ու քաղաքական այլ ուժերն են կարողանում ազդեցություն ունենալ այդ շերտերի` վերևների ու ներքևների վրա` ինչ-որ լուծման հասնելու համար, երկիրը փրկելու, դուրս բերելու կործանման ճանապարհից: Սա նման է, որ մենք գնում ենք թմբիրի մեջ, և մեր ոտքերը չեն հպվում հողին. ո՛չ կարող ենք կանգ առնել, ո՛չ էլ գիտակցում ենք, թե ուր ենք գնում: Իսկ սա հրաշալի տեսնում է թշնամին և իր նպատակներն է սրընթաց իրագործում, մինչև կդնի վերջակետ:

Օրերս հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևը դիմել է ՄԻԵԴ` Հայաստանի դեմ մեղադրանք ներկայացնելով, մեզնից պահանջում է ահռելի գումարներ՝ որպես տույժ ու տուգանք: Դրանից բացի Ալիևը ցինիկաբար մեր ռազմագերիներին աշխարհին ներկայացնում է որպես ահաբեկիչներ ու հանցագործներ: Նա մեզ մեղադրում է որպես ագրեսոր, պատերազմ սկսած և Գյանջայում անմեղ քաղաքացիներ սպանած երկիր` թեկուզ հրապարակելով Սիրիայում չորս տարի առաջ սպանված երեխայի նկար՝ որպես ապացույց: Այս ամենի հետ մեկտեղ փաստ է այն, որ նա կարողանում է մարդը սուտը ճշտի տեղ անցկացնել: Մեզ վրա բռունցք է թափ տալիս, ասում է, որ Զանգեզուրը, Սևանը, Երևանը իրենն են, որ մեր պաշտոնյան իրավունք չունի Արցախ գնալու և այլն: Տհաճ է շարունակելը, բայց առավել տհաճ է մեր՝ խեղճ ու կրակ, պատի տակ նստած ծուռվիզ որբի պահվածքը, անկարող ու ողորմելի վիճակը: Միայն իրար մեջ կարողանում ենք ասել՝ ուզում է, բայց տվողն ո՞վ է:

Հենց այստեղ հարց է առաջանում․ կարողացա՞նք աշխարհին ներկայացնել, որ պատերազմը Ադրբեջանն է սկսել, որ արգելված կասետային ռումբեր և քիմիական տարր` սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է օգտագործել, որ Ստեփանակերտում ծննդատուն է ռմբակոծել և խաղաղ բնակիչներ ոչնչացրել ամեն օր: Արդյոք կարողացա՞նք ապացուցել` փաստեր ունենալով, որ Թուրքիայի միջոցով Սիրիայից վարձու մարդասպաններ է ներգրավել այդ պատերազմում, որ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել և պատերազմը վարել է իր հրամանատարներով ու զինտեխնիկայով, որի իրավունքը չուներ՝ որպես երրորդ երկիր: Կարողացա՞նք միջազգային ատյաններ դիմել` մեղադրելով Էրդողանին ու Ալիևին՝ որպես պատերազմի հանցագործներ: Հասկացանք՝ պարտվել ենք, խայտառակ ենք պարտվել, բայց կարող էինք, չէ՞, այս ամենը բարձրաձայնել: Ի վերջո, միջազգային պայմանագրեր ու պայմանավորվածություններ ունենք: Այսօր, փաստացի, չկա ժողովուրդ, չկա իշխանություն, չկան ուժային ու հասարակական կառույցներ, ամլություն է, մեկ խոսքով ասած` Հայաստանում չկա իմունիտետ, ապրելու կամք:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular