Ադրբեջանն այժմ Թուրքիայի դաշնակիցն է Կովկասում, և ոչ թե Ռուսաստանի. Զատուլին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնսատանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքներին և վերլուծել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Ռուսաստանն ինքն իր դաշնակիցն է Կովկասում: Ռուսաստանն անհրաժեշտություն չունի որևէ մեկի դաշնակիցը լինելու: Իմ կարծիքով՝ ոչ միայն երեկ, այլև պատմականորեն մեր կողմից ստորագրված փաստաթղթերը, մեր ստանձնած պարտավորությունները ենթադրում են, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է: Դա ընկած է հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիմքում: Դա հիմք է զգուշացման համար, որ ցանկացած հարձակում Հայաստանի դեմ կառաջացնի ՀԱՊԿ-ի արձագանքը, որի կազմում ընդգրկված է Ռուսաստանը: Եվ դա, հիշեցնեմ, ընկած է մեր տնտեսական համագործակցության հիմքում: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, Եվրասիական տնտեսական միության անդամ է»,- ասել է Զատուլինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ում դաշնակիցն է Ռուսաստանը Կովկասում:
Վերջինս նշել է, որ տարածաշրջանում մեծ դեր է կատարում ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան, որը «մեծ վերելք է ապրում, քանի որ համարում է, որ ներխուժել է կովկասյան քաղաքականության դաշտ»:
«Ադրբեջանին իր աջակցության շնորհիվ Թուրքիան նունպես հաղթանակ է տոնում: Եվ դա այն հարցերից մեկն է, որ ես ունեմ այս ողջ պատմության վերաբերյալ: Հիշեցնեմ, որ Ամանորից առաջ հրապարակված «Ղարաբաղի դասերը Ռուսաստանի համար» հոդվածում ես նշել էի, որ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի արբանյակն այս տարածաշրջանում: Եվ որքան էլ լավ վերաբերվենք նախագահ Ալիևին և ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանին, մենք պետք է մեզ հաշիվ տանք, որ Ադրբեջանն այսօր Թուրքիայի դաշնակիցն է: Թուրքիայի հետ ևս մեր հարաբերություններն ունենք. դրանք երբեմն լավն են, երբեմն՝ վատը, սակայն Ադրբեջանը Կովկասում Թուրքիայի դաշնակիցն է և ոչ թե Ռուսաստանի: Եվ դա պետք է հասկանալ»,- հավելել է գործիչը: