Ազատության հրապարակից դուրս չենք գալու. «Նոր Հայաստան»-ը մոբիլիզացիայի 3-րդ փորձն է սկսում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱյսօր հրավիրված ասուլիսում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը խոսել է նաեւ իրենց առաջիկա պլանների մասին:
«Մենք Ազատության հրապարակից դուրս չենք գալու…Դուրս չգալու մասշտաբը տարբեր ժամկետներում տարբեր չափի կարող է լինել: Նվազագույնը այսօր, որ մենք հերթապահում ենք Ազատության հրապարակում, դա պահպանվելու է մինչեւ վերջ, մինչեւ մեր կողմից սպասվելիք մոբիլիզացիայի հաջողությունը»,- ընդգծել է Սեֆիլյանը:
Ինչ վերաբերում է մոբիլիզացիային, ապա Սեֆիլյանը հայտարարել է, որ առաջիկայում արդեն երրորդ եւ վերջին փորձն են անելու ժողովրդին եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին մոբիլիզացնելու ուղղությամբ։
«Այսօր, ինչպես գիտենք, ընդդիմադիր դաշտը միավորված չէ։ Մեկ անգամ եւս մենք պետք է փորձենք մեր տրամաբանության շրջանակում միավորել։ Այդ ուժերն իրենց հնարավորությունները պետք է մեկտեղեն։ Դա նոր մոբիլիզացիայի խթան է առաջացնելու։ Միայն այն հանգամանքը, որ տարբեր ուժերի մարդկային եւ նյութական ռեսուրսը մեկտեղվելու է մեկ նպատակի համար, մեծ օգուտ է բերելու մոբիլիզացիային: Այդ ուժերն այսօր շատ չեն: Բոլորիդ ծանոթ են՝ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանը՝ իր «Քաղաքացիական պայմանագրով, Աշոտ Մանուչարյանը՝ իր նախաձեռնությունով եւ քաղաքացիական սեկտորը։ Այս ամբողջի միավորումն առաջիկա օրերին մենք նորից փորձելու ենք սկսել»,- տեղեկացրել է շարժման ներկայացուցիչը։
Միեւնույն ժամանակ, ըստ Սեֆիլյանի, այդ գործընթացի նախապատրաստումը չի կարող երկար տեւել: Նրա համոզմամբ՝ դա պետք է լինի շաբաթների հարց։
«Գյուղ առ գյուղ, փողոց առ փողոց շրջելով՝ մարդկանց նորից պետք է հրապարակ բերել եւ մոբիլիզացիան հաջողել։ Բայց եթե դա ձախողվի, չպետք է վերածել ողբերգության եւ կարծել, որ էլ հնարավոր չէ ժողովրդին մոբիլիզացնել»,- ասել է ընդդիմադիր առաջնորդը՝ հավելելով, թե ոչ մի խնդիր չկա, որի լուծումը գտնել հնարավոր չէ,- «Ոչ մի խնդիր չկա, որի լուծումը հնարավոր չէ գտնել: Մոբիլիզացիայի խնդիրը եւս հնարավոր է: Ես այսօր ունեմ պատկերացումներ, թե ինչպես: Սակայն շատ ավելի լավ պիտի լիներ այդ ամբողջը իրականացնել իշխանությունների կողմից անվերահսկելի գործիչների միավորման շրջանակներում, որ փոփոխությունը տեղի ունենար հնարավորինս անցնցում: Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի հրեշի հետ գործ ունենք, եւ նրանք ինչպիսի արարքների են ունակ. Մարտի 1-ը բոլորիս համար փաստ: Ուստի, այս մտահոգությունից ելնելով, մենք վերջին անգամ փորձ ենք կատարելու առողջ ուժերին միավորելով մոբիլիզացնլ ժողովրդին: Եթե ոչ՝ ես կասեի հետեւյալը. այս օրերին այնքան անկանխատեսելի ժամանակներ ենք ապրում, որ նույնիսկ մինչեւ մեր այս փորձը կյանքի կոչելը որեւէ ժամանակ կարող է ֆորսմաժոր տեղի ունենալ եւ բոլորս անակընկալի գանք: Որեւէ ժամանակ կարող է մի պայթյուն տեղի ունենալ: Ես նկատի ունեմ սոցիալական պայթյուն»:
Տեղեկացնելով, եթե առաջիկայում էլ քաղաքական ուժերի մոբիլիզացիան չստացվի՝ իրենք ձեռքները ծալած չեն նստելու՝ Սեֆիլյանը չի մանրամասնել, թե ինչ քայլերի են դիմելու:
Հիշեցնենք, որ Սեֆիլյանի նախաձեռնած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը հայտարարել էր Ցեղասպանության 100-ամյակին իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին:
Վերջերս, պատասխանելով մեր այն հարցին, թե միգուցե «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսն այլեւս ուժի մեջ չէ՞ եւ իրավիճակից ելնելով նոր կարգախոսնե՞ր են առաջ եկել, պատասխանել էր. «Հաշվի առնելով ներկայիս փոփոխությունների արագ ընթացքը եւ իրավիճակի պայթյունավտանգությունը, մինչեւ ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածը կարող է բախտորոշ լինել: Իսկ առհասարակ՝ մենք դեմ չենք անցյալի վերաիմաստավորմանը եւ անհրաժեշտ վերանայումներին»:
Հ.Գ. Այսօրվա ասուլիսում Սեֆիլյանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանում հիմա բոլորի մոտ կա մի հստակ եզրակացություն, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Ըստ նրա՝ այդ եզրակացությունը բոլորովին վատ չէ, այն իմաստով, որ վերջում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մենակ են մնալու: