ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկառավարելի քաոս թե՞ հստակ մշակված «ճանապարհային քարտեզ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակնհայտ է, որ այն, ինչ կատարվեց Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում, ողբերգություն էր բոլոր առումներով։ Արցախ հայրենիքի մեծ մասի և մեր զավակների կորուստը չսպիացող վերք է, իսկ մեր գոյությանը սպառնացող վտանգը՝ իրողություն։ Փաստ է, որ այս ամենը սկսվել էր ավելի շուտ՝ 2018 թ․-ի ապրիլ-մայիսին, երբ Հայաստանի դեմ սկսվեց հիբրիդային պատերազմ և որի վերջին արարն էր միայն արցախյան պատերազմը։ Սակայն առավել ցավալին այն է, որ մենք՝ ինքներս, մասնակիցն ու անմիջական մեղավորն ենք մեր այս օրերի ողբերգությանը, իսկ դրա հիմնական մեղավորը սգի և զոհվածների արյան վաշխառությամբ է զբաղված։ Բոլորս փայլուն հիշում ենք, որ 2018թ․ ապրիլ-մայիսին փողոցներն ու հրապարակները հեղեղածների մեծ մասը 14-17 տարեկան դպրոցական տղաներն ու աղջիկներն էին։ Այդ օրերին, ինքնամոռացման մեջ ընկած այդ երեխաները չգիտեին, որ իրենցից ոմանք կամ իրենց եղբայրները երկու տարի հետո դառնալու էին պատերազմի զոհեր։ Նրանք չգիտեին, որ այդ ամենն արվում էր մեր երկիրն ու մեր բանակը թուլացնելու և Արցախը թշնամուն հանձնելու համար, չգիտեին, որ մեզ պարտություն տանող գերագույն դավաճանը ամեն անգամ հավաստիացնելու էր, որ մենք հաղթելու ենք և հայտարարելու էր պատերազմը շարունակելու մասին՝ հազարավոր նորանոր երիտասարդ կյանքեր զոհաբերելով, չգիտեին, որ նա դա անելու էր, ինչպես ինքն է խոստավանել, որ հետո իրեն չասեն դավաճան։

Արդյունքում նա դարձավ և՛ դավաճան, և՛ մարդասպան։ Եթե իմանային այն ժամանակ այդ երիտասարդները, որ իրենցից հարյուրավորների կամ իրենց ավագ եղբայրների մահվան վճիռն են կյանքի կոչում... Ցավոք սրտի, հիմա զոհվածների ծնողներից ու հարազատներից ոմանք դեռ չեն հասկանում, թե ո՞վ է իրենց զավակների դահիճը, ո՞վ էր նրանց ամեն անգամ ուղարկում մահվան՝ հաճախ առանց սաղավարտի և զրահաբաճկոնի՝ լավ իմանալով, որ պատերազմը ընթանում է դեպի մեզ համար խայտառակ պարտության։

Պատերազմի մյուս ողբերգությունը անհայտ կորածներն ու գերիներն են։ Շահարկելով վերջիններիս ծանր հոգեբանական վիճակը՝ իշխող ոչնչությունները այդ մարդկանց ներշնչել էին, որ իրենց գերի ընկած որդիներին կամ հարազատներին Ադրբեջանը չի վերադարձնում Հայաստան՝ մեր ընդդիմության հանրահավաքների պատճառով։ Պարզապես անհնար է հավատալ, որ մարդիկ կարող են այնքան կույր լինել, որ չտեսնել, թե ի՞նչ նպատակով և ո՞վ է նման զազրելի քայլեր անում, չհասկանալ, որ այդ մարդու ամեն օր իշխանության մնալը ավելի անորոշ է դարձնում իրենց կորած կամ գերի ընկած հարազատների հետ վերադարձը, քանի որ այդ մարդը մեկուկես ամիս շարունակ ոչինչ չի ձեռնարկել այդ հարցի լուծման համար։ Եթե 2018 թ․-ի ապրիլ-մայիսի անչափահասները չէին հասկանում, թե ինչ է կատարվում և ինչի կարող է բերել «թավշյա» պետականակործան արկածախնդրությունը, ապա հիմա, այս ամենից հետո, չափահաս մարդիկ ինչպե՞ս կարող են դա չհասկանալ ․․․ Պարզապես անհնար է հավատալ, բայց փաստ է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular