Տավուշի մարզի գործարարները ցանկանում են հանդիպել ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Կողբ գյուղից գործարար Արտակ Բաղինյանը, որը գործունեություն է ծավալում սպասարկման ոլորտում 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ մարտ ամսից մինչ օրս իրեն պատկանող հյուրատունը, սրճարանը չեն աշխատում: Ու թեև մի քանի միջոցառումներ այս շրջանում կազմակերպվել են, սակայն դա բավարար չի եղել բիզնեսի հետագա գործունեությունը շարունակելու և բանկերից վերցրած վարկերը վճարելու համար:
«Վարկերը, որոնք վերցրել եմ բիզնեսները զարգացնելու համար մեծ գումարներ են, սակայն երկար ամիսներ չաշխատելով, այսօր կանգնել եմ լուրջ խնդիրների առջև: Թեև բանկերը որոշակի առումով ընդառաջ գնացին, սակայն դա խնդիրները չլուծեց: Բանկերն ընդամենը ամիսներն են հետաձգում, բայց գումարը մնում է նույնը, որը պետք է վճարել: Այս ամենը տանում է նրան, որ ստիպված պետք է լինեմ բիզնեսներս փակեմ, աշխատատեղեր կրճատեմ: Միայն ես չեմ այս իրավիճակում, բոլորն էլ նույն խնդրի առջև են կանգնած: Այս ամենը կարող է բիզնեսների ունեզրկման հանգեցնել, քանի որ ներդրված ջանքերը որևէ արդյունքի չեն բերում: Եվ այս պարագայում, մեզ կմնա փակել ամեն ինչ և արտագաղթել, քանի որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ: Եթե նախկինում շատերը մտածում էին, որ մեր օրինակով կարող են բիզնես զարգացնել, հիմա տեսնելով մեր խնդիրները փոշմանել են»,- ասաց Ա. Բաղինյանը:
Գործարարն առաջարկում է կառավարությանը բիզնեսներին անհատական մոտեցում ցուցաբերել, վերլուծել և բիզնեսները փրկելու լուծումներ առաջարկել, որպեսզի համատեղ ջանքերով հնարավոր լինի եղածը պահպանել:
«Թեև ներքին տուրիզմի առումով ամռան ամիսներին փոքր-ինչ շարժ եղավ, սակայն պատերազմի հետևանքով նոր խնդիրներ են առաջացել, նվազել է մարդկանց վճարունակությունը, որը բավականին հախուռն ձևով է անդրադարձել մեր բիզնեսների վրա: Այսօրվա դրությամբ փակուղու առջև ենք կանգնել և չգիտենք, թե ինչպես կարող ենք դրանից դուրս գալ: Բիզնեսներ կան, որոնք փոխկապակցված են միմյանց, և ստացվում է, որ մի շարք ոլորտներ՝ սննդի, տաքսի ծառայությունների նույն իրավիճակում են հայտնվել: Չնայած ուզում ենք ամեն ինչ անել, որ երկիրը զարգանա, կայունանա, մեր բիզնեսներն էլ կայանան, հարկեր վճարենք, օգնենք մեր երկրին, սակայն այս ձևով շարունակել այլևս հնարավոր չէ: Եթե ամեն ինչ կորցնենք, ապա այլևս չենք կարողանա նոր բիզնես ստեղծել, ստիպված կլինենք մի կողմ դնել հայրենասիրությունը և արտագաղթելու մասին մտածել»,- ասաց Ա. Բաղինյանը:
Իմանալով, որ տուրիզի ոլորտը ռիսկային է, այնուամենայնիվ շատերը որոշել են հենց այդ ոլորտում մարզը զարգացնելու քայլեր և ներդրումներ կատարել, սակայն այսօր կանգնել են փաստի առջև: Հասկանալով հետպատերազմյան դժվարությունները՝ գործարարները աշխատում են ըմբռնումով վերաբերել իշխանությունների աշխատանքին, սակայն, կարծում են, որ իրենց խնդիրները ևս կարևոր են: Մարզի գործարարները ցանկություն են հայտնել հանդիպելու Տավուշի մարզպետի հետ, սակայն դեռևս հանդիպում չի կայացել: Նրանք ցանկություն ունեն հանդիպելու նաև Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հետ, հույսով, որ նա ևս լինելով բիզնես ոլորտի ներկայացուցիչ ավելի լավ է պատկերացնում խնդիրները:
Արմինե Գրիգորյան