ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր հիմքերը կան Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու համար, այդ հիմքերն այնքան շատ են, որ ոտքի վրա դժվար է թվել. Վարդան Պողոսյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը բազմաշերտ է, կան դրույթներ, որոնք արդեն իսկ կատարվել են, բայց կան դրույթներ, որոնք անմիջականորեն չեն գործում և դրանց կյանքի կոչելու համար անհրաժեշտ են լինելու հետագա միջազգային իրավական պայմանագրեր: Այս մասին կառավարության շենքի մոտ Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ արդեն կյանքի կոչված դրույթների հետ ոչ մի բան հնարավոր չէ փոխել, բայց օրինակ վերջին կետը՝ Նախիջևանից դեպի Ադրբեջանի արևմտյան շրջաներ ճանապարհի վերաբերյալ անհրաժեշտ են հավելյալ կարգավորումներ: Վարդան Պողոսյանը նշեց որ, դրա կյանքի կոչվելու համար անհրաժեշտություն է առաջանալու նոր միջազգային պայմանագրեր կնքելու:

«Այդ դրույթների կյանքի կոչելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեն. շատ հույս ունեմ, որ նման պայմանավորվածություններ ընդհանրապես ձեռք չեն բերվելու: Այդ կետը հայտարարության տեքստում որևէ առնչություն չունի ԼՂ-ի խնդրի կարգավորման հետ և նաև նախկին փաստաթղթերից որևէ մեկում  նման խնդիր չի բարձրացվել: Այդ կետը առավել ցայտուն ձևով արտահայտում է Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ քաղքականությունը և իրեն հարգող և երկրի շահերից ելնող որևէ վարչապետ նման անհեթեթության չպետք է համաձայնվեր նույնիսկ ամենավատ ռազմական դրության պայմաններում»,- ընդգծեց սահմանադրագետը:

Հարցին՝ հնարավո՞ր է գաղտնի հավելված ունենա ստորգրված հայտարարությունը, նա նշեց՝ իր կարծիքով՝ եղել են առնվազն բանավոր պայմանավորվածություններ, գրավորի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել: «Ակնհայտ է՝ կան այլ պայմանավորվածություններ, որովհետև այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչու Զանգելանի և Կուբաթլուի շրջանից մեր զորքերն այդպես լռակյաց ու գլուխները կախ դուրս եկան ու հսկայական սպառնալիք ստեղծվեց Սյունիքի համար»,- շեշտեց Պողոսյանը:

Ճշտող հարցին՝ դա հանցագործություն չէ՞, նա պատասխանեց. «Այս կառավարության ցանկացած քայլ հանցագործություն է, հանցագործության դեպքերի թիվն այնքան մեծ, է որ դրանք թվելն այլևս անհնար է»:

Նրա կարծիքով՝ բոլոր հիմքերը կան Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու համար,  այնքան շատ են այդ հիմքերը, որ իսկապես ոտքի վրա դժվար է դա ասել: Իսկ թե այս դեպքում ինչ պետք է անի դատախազությունը, Պողոսյանն ասաց, որ դատախազությունից որևէ հույս չունի: «Գլխավոր դատախազը համար առաջին հանցագործների թվին է պատկանում և իշխանափոխությունից հետո դատվելու է պետական հանցագործությունների վրա աչք փակելու համար»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես պետք է երկրում վերականգնվի տապալված սահմանադրական կարգը, Վարդան Պողոսյանի կարծիքով՝ այն կվերականգնվի, եթե այս իշխանությունները հեռանան: «Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցեն՝ իրենց հայրենիքն են կործցնում, սա իսկապես միայն քաղաքական պայքար չէ այն իմաստով, որ կուսակցությունների միջև իշխանության բաշխման կամ վերաբաշխման խնդիր չէ, Արցախի կորցնելուց հետո, իսկ այն մենք կորցրել ենք դավաճանական քաղաքականության հետևանքով, հիմա շատ ավելի մեծ է վտանգը, որ մենք Հայաստանն ենք կորցնում»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular