Արցախի քաղաքական վերնախավը փորձում է հարմարվել նոր իրավիճակին. Արման Մելիքյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանին անհանգստացնում է այն ինչ շարունակում է տեղի ունենալ Արցախում և Հայաստանում: Նրա կարծիքով՝ Արցախին պատկանող տարածքները հանձնելով Ադրբեջանին, ինքնին կանգնում ենք լուրջ մարտահրավերի առև, որը նաև մարտահրավեր է հայոց պետականության համար:
«Եթե ճիշտ եմ հասկանում, ապա գործող իշխանությունը փորձում է անվտանգային լրացուցիչ երաշխիքներ ապահովել նոր սահմանազատման գործընթացն առանց տեղային ռազմական բախումների իրականացնելու նպատակով, և դրա համար ներգրավում է առավել վիճելի հատվածներում ռուս սահմանապահներին՝ որպես հակամարտ կողմերին տարանջատող չեզոք ուժ: Ինձ համար առայժմ բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք ռուսներն իրենց վրա են վերցնելու Սյունիք-Նախիջևան և Սյունիք-Ադրբեջան ամբողջ սահմանագծի վերահսկողությունը, թե նրանք կտեղակայվեն առավել կոնֆլիկտածին հատվածներում միայն: Դրանից կախված կլինի նաև հնարավոր ապագա ռիսկերի գնահատման ստույգ չափանիշների ընտրությունը»,- ասաց Ա. Մելիքյանը:
Խոսելով Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխությունների մասին, Արցախի ԱԳ նախկին նախարարը նշեց, որ իր համար առայժմ հասկանալի չէ, թե այդ կադրային փոփոխությունների հիմքում ընկած սկզբունքը ո՞րն է և ինչի՞ն են դրանք միտված:
«Կարծում եմ, որ առայժմ տեղի քաղաքական վերնախավը փորձում է հարմարվել նոր իրավիճակին: Կուզենայի իշխանությունում տեսնել մարտական գործողություներին մասնակցած կիրթ ու սկզբունքային չապականված երիտասարդների: Ինչևէ, իշխանության կարևորագույն անելիքն այժմ Արցախի պետականության վերակենդանացումն է լինելու»,- ասաց Ա. Մելիքյանը 1or.am-ի հետ զրույցում :
Արմինե Գրիգորյան