ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ սպանության գործով նախկին ցմահ դատապարտյալը լրագրողին բարոյականության դասեր է տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր վարչական ռեսուրսի տոտալ կիրառմամբ և անհասկանալի, բավականին ագրեսիվ տրամադրված խմբերով համալրված Նիկոլ Փաշինյանի «սգո» երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից` կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող  անձի համար սրբազնագույն մի վայրից:

Մինչ երթի սկիզբը, բնականաբար, ինչպես բոլոր դեպքերում, լրագրողները փորձում էին հարցեր տալ երթի մասնակիցներին:

Այդտեղ էր նաև «5-րդ ալիք»-ի լրագրող Լարա Առաքելյանը, ով դեռ չէր հասցրել իր մասնագիտական գործունեությամբ զբաղվել այդտեղ, երբ հավաքվածները սկսեցին հրմշտել, վիրավորել նրան ու այն լրատվամիջոցը, որը լրագրողը ներկայացնում է:

Հետաքրքիր է, որ Լարա Առաքելյանին այդտեղ գտնվելու բարոյական իրավունքի մասին դասեր էր տալիս, ամոթ-աբուռից խոսում, օրինակ, ցմահ ազատազրկման դատապարտված և 2020թ. ապրիլի 29-ին՝ Նիկոլ Փաշինյանի օրոք վաղաժամկետ ազատ արձակված Ստեփան Գրիգորյանը:

Ի դեպ, վերջինս դատապարտվել է մահապատժի 1997թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ՝ 1961թ. Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով` մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից: Մեղքն ընդունել է, բանտում անցկացրել 23 տարի:

Չենք պնդում, որ ազատազրկման տարիներին միգուցե լավ վարք ցուցաբերած ցմահ դատապարտյալը պետք է ողջ կյանքն անցկացներ քրեակատարողական հիմնարկում, սակայն, հաստատ է մի բան, որ սպանության մասնակից անձը չէ այն մարդը, ով իր աշխատանքը բարեխիղճ կատարող լրագրողին բարոյական իրավունքի մասին խրատներ պետք է տա:

Դե, իսկ պատկերը, իհարկե, ամբողջացրեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, լրագրողների հետ շփվելիս պարբերաբար ցնցումների մեջ ընկնող Անդրանիկ Քոչարյանը, ով քիչ էր, իր «ելույթով» մարդկանց սադրում էր առճակատման գնալ լրագրողի հետ, դեռ մի բան էլ ագրեսիվ վարքագծով աչքի ընկավ:

Մեկ անգամ ևս ուզում ենք պարոն պատգամավորին հիշեցնել` Անդրանիկ Քոչարյա՛ն, հայրենիքը լրագրողները չեն հանձնել ու հանձնում, այլ Ձեր քաղաքական թիմի առաջնորդը և նրա հետ դրա պատասխանատվությունը կիսողները, և հավատացեք, Ձեր ագրեսիվ վարքը որևէ մեկին չի վախեցնում և ոչ էլ կաշկանդում է, ու Ձեզ ամենուր ու միշտ հիշեցնելու են, որ դուք հող հանձնողի առնվազն թիմակիցն եք:

Դե, իսկ ոստիկանության ծառայողները սոսկ լուռ արձանագրում էին այն, ինչ տեղի էր ունենում Լարա Առաքելյանի շուրջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular