ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին ու մեր բանակին. Վազգեն Թևանյան

ՍՊՈՐՏ

Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին ու մեր բանակին: Պարգեւատրման արարողության ժամանակ ուրախություն էի զգում իմ ազգի համար, որ կարողացա Հայաստանի հիմնը հնչեցնել, դրոշը բարձրացնել:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից աշխարհի գավաթի խաղարկությունում տարած փայլուն հաղթանակը մեկնաբանեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, նորընծա աշխարհի գավաթակիր, 21-ամյա Վազգեն Թեւանյանը:

«Տպավորություններս մեծ են: Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել:

Լավ տրամադրվել էի, ցանկանում էի շատ լավ հանդես գալ եւ ինձ մոտ ստացվեց:

Սա իմ առաջին մեծ նվաճումն էր մեծահասակներում: Բելգրադ էի եկել հաղթելու նպատակով: Մտածում էի, որ պետք է չեմպիոն դառնամ:

5 գոտեմարտ անցկացրի. որեւէ մեկը չեմ առանձնացնի: Բոլորն էլ մեծ լարվածությամբ անցան: Եզրափակիչում հաղթեցի վերջին 40 վայրկյանում, բայց այդ վայրկյաններն ինձ խուճապի չէին մատնել: Մտածել էի, որ պետք է առաջին մրցափուլում հնարավորինս քիչ միավորներ լինի: Գիտեի, որ մրցակիցս շուտ է հոգնում: Երկրորդ մրցափուլում ավելացրեցի եւ հաղթեցի:

Աշխարհի գավաթի նախապատրաստական փուլում բազմաթիվ խոչընդոտների հանդիպեցինք: Ամենամեծը՝ պատերազմն էր. մտքեր, հույզեր: Գորգի վրա փորձեցի շատ տեղիք չտալ այդ մտքերին եւ նորմալ հանդես գալ:

Պարգեւատրման արարողության ժամանակ ուրախություն էի զգում իմ ազգի համար, որ կարողացա Հայաստանի հիմնը հնչեցնել, դրոշը բարձրացնել: Ինձ համար մեծ պատիվ էր դա: Հատկապես ինձ ավելի ոգեւորեց դրոշների դասավորվածությունը:

Ինձ համար շատ կարեւոր էր այս հաղթանակը: Մտքերս հենց դրան էին ուղղված, որ կենտրոնանամ գոտեմարտերիս վրա եւ հաղթանակով ավարտեմ իմ պայքարը աշխարհի գավաթում:

Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին, մեր բանակին: Ուզում եմ, որ մեր բանակն ուժեղանա, մեր ազգը դուրս գա այս վատ վիճակից»,- ասաց Վազգեն Թեւանյանը:

Սերբիայի մայրաղաքաք Բելգրադում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում 65 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը 4 տպավորիչ հաղթանակ (6:0,11:0, 10:0 7:2)  տանելուց հետո ոսկե մեդալի համար պայքարում մրցեց 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաեւի հետ եւ հաղթեց 9:1 հաշվով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular