ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական սահմանի «էպոպեան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսքի տեր մարդ է և իր երկրի շահերի համար կգնա մինչև վերջ: Ընդ որում, Պուտինը դրանից առաջ ասել է, որ շատ հարցերում, իհարկե, Էրդողանի հետ ունեն տարբեր կարծիքներ, հակադիր կարծիքներ: Հետաքրքիր է, Արցախի հարցն այդ հակադիր կարծիքների մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Բանն այն է, որ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համատեքստում, կարծես թե, մտնում է լարվածության մի փուլ, երբ ադրբեջանցիները, անկասկած, ոչ առանց Էրդողանի հովանու, սկսում են աստիճանաբար մեծացնել ճնշումն ու պահանջները, ընդլայնվել ավելի, քան ՌԴ հովանու ներքո նոյեմբերի 9-ի համաձայնագրի տառն ու ոգին:

Բանն այն է, որ ադրբեջանցիները այդ համաձայնագրով ստացել են իրենց հասանելիքը, այժմ փորձում են դուրս գալ համաձայնագրից և ստանալ ավելին: Ինչպես երևում է, Հայաստանի և Արցախի կառավարությունները այս իրավիճակում, իհարկե, մի շարք օբյեկտիվ, միաժամանակ, սակայն նաև զգալիորեն սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում ստանալ ոչինչ ավելին, չեն կարողանում համարժեք ընդդիմանալ աճող լարվածությանը: Այդ պարագայում, դարձյալ օբյեկտիվ իրողություններից ելնելով, դուր գա դա որևէ մեկին, թե ոչ, հույսը մնացել է, որ ադրբեջանական ախորժակը կզսպի Ռուսաստանը: Կզսպի, եթե, իհարկե, առկա իրավիճակը հենց Էրդողանի հետ Պուտինի տարբեր մոտեցումների, ոչ թե նույն պատկերացումների շրջանակում է: Սակայն պատկերացումների տարբերությունից զատ, շատ էական է, թե որքան է մինչև վերջ պատրաստ գնալ նաև Պուտինը, որը հաճոյախոսում է, թե Էրդողանն իր երկրի շահի համար պատրաստ է գնալ մինչև վերջ: Բայց այստեղ էլ, իհարկե, հարց է առաջանում, թե որքանով է Ռուսաստանը հայկական շահերի ոտնահարումը պաշտպանելը դիտարկում իր շահերի շրջանակում:

Փաստացի, խոսքը վերաբերում է, օրինակ, մեկ գյուղ ավելի կամ պակաս, մեկ բարձունք ավելի կամ պակաս լինելուն: Եթե Հայաստանի ու Արցախի համար մեկ գյուղը, մեկ բարձունքը կամ դիրքը ունի կենսական նշանակություն, ապա Ռուսաստանի համար այդ նշանակությունը չկա: Ռուսաստանը, լայն իմաստով, Հայաստանում ռազմական ներկայությանը ավելացրել է ռազմական ներկայություն Արցախում, և այստեղ ռազմավարական ու խորքային մասշտաբն այնպիսին է, որ այդ ներկայության համար մեկ գյուղ ավելի կամ պակասը չունի նշանակություն: Ըստ այդմ, Պուտինը կարող է իսկապես համաձայն չլինել այն ամենի հետ, ինչ անում է Էրդողանը, բայց Էրդողանը դիտարկում է դա իր շահերի շրջանակում ու գնում «մինչև վերջ», ինչպես Պուտինն է ասում, իսկ Պուտինը նրան գյուղ առ գյուղ կամ դիրք առ դիրք կանգնեցնելն առայժմ չի դիտարկում իր շահերի շրջանակում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես պետք է Ռուսաստանին շահագրգռի հայկական կողմը, թուրք-ադրբեջանական ախորժակին նաև այդ մակարդակում դիմադրություն կազմակերպելու համար:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular