Հետո ուշ կլինի. Շուռնուխի գյուղապետը կամավորներին կոչ է արել զենքով ներկայանալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար:
«90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլ Շուռնուխի հարցն է: Խնդրում եմ, բոլորիդ կոչ եմ անում վաղը ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար: Եկեք միացեք մեզ, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի»,-ասել է նա:
Գյուղապետը նշում է, որ Հայաստանի ՊՆ-ն այսօր ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից և իրենք մնացել են ինքնապաշտպանական ջոկատների հույսին:
Հիշեցնենք`նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։
Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։